Այն բռնի տեղահանվածներին, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի. նախարար

Մանրամասներ
գաղթ

Ծրագրով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա զեկուցեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և (կամ) կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը:

«ԼՂ-ից տեղահանված այն անձանց, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի, բայց նրանք ևս կկարողանան օգտվել կոմունալ վճարների 10-հազարական դրամ աջակցությունից»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրն կիրականացվի 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024.թ մարտ ամիսը:

Մկրտչյանը հայտնեց, որ հոկտեմբերի համար վճարումները կիրականացվեն100 հազար դրամ աջակցություն ստացածների ցանկի հիման վրա, իսկ նոյեմբերից՝ առցանց եղանակով ամենամսյա դիմումների հիման վրա, իսկ դիմումում անհրաժեշտ տեղեկատվության մանրակմասների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ըստ նախարարի՝այդ գումարները չի տրամադրվի պետության հոգացուծյան տակ գտնվողներին և  պետական տարածքներում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ովքեր հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում կամ ունեն անշարժ գույք:

«Այս ծրագրի համար, որն ընդունում ենք, մոտավորապես վեց ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի 27  մլրդ դրամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ այդտեղ նույնպես պետք է թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովվի: