2023 թվականի մայիսի 19-ին ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը հրավիրել է Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այցելել դեսպանատուն և բարեկամական զրույց վարել։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ու ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում ասիական երկրի դեսպանությունը։
«Դեսպան Ֆանը հանգամանորեն ներկայացրեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինպինի կողմից առաջ քաշված համաշխարհային զարգացման, համաշխարհային անվտանգության ու համաշխարհային քաղաքակրթության նախաձեռնությունները։ Նա ընդգծեց Ս.Սարգսյանի կարևոր ներդրումը չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա հսկայական աջակցությունը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։
Դեսպանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ խթանմանը, երկու երկրների հարաբերություններում անխափան նոր հաջողությունների ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
0Comments