Ուկրաինան պատրաստ է հակահարձակման. Զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը

Մանրամասներ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովն ուրբաթ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հակահարձակման նախապատրաստությունը մոտենում է ավարտին, բացի զենք ստանալուց, մեր զինծառայողները պետք է կարողանան օգտագործել ռազմական տեխնիկան։ Մենք ստացել ենք բավականին ժամանակակից զենքեր՝ Leopard-2, Challenger և Abrams տանկեր, բայց կարծում եմ, որ Abrams-ներն այս հակահարձակմանը ժամանակին պատրաստ չեն լինի: Սարքավորումը մասամբ առաքվել են։ Ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք հարձակման»,- ասել է Ռեզնիկովը ճեպազրույցում։

Նա հավելել է, որ ուկրաինական զորքերը սպասում են միայն հրամանատարության որոշմանը։

«Մենք պատրաստ ենք՝ հենց որ լինի Աստծո կամքը, եղանակը թույլ տա, և լինի հրամանատարության որոշումը»,- շեշտել է ՊՆ ղեկավարը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չէր բացառել, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը կսկսվի առաջիկա շաբաթներին։ Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը նշել էր, որ հալոցքի ավարտից հետո կարելի է հակահարձակում սպասել, և Կիևը նախատեսում է մի քանի հարված հասցնել։