«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում նոր կռվախնձոր է դարձել պատգամավորների բացակաների հարցը: Բանն այն է, որ իշխանական պատգամավորների մեծ մասը, օգտվելով հանգամանքից, որ այս օրերին նիստեր չկան, հարկ չեն համարում գալ խորհրդարան ու մասնակցել կուսակցական քննարկումներին:
ՔՊ-ականների այս պահվածքը հիմար վիճակում է դրել Հայկ Կոնջորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, որոնց ասվել է կառավարությունից, որ ի վիճակի չեն կառավարել խմբակցությունը, համախմբել պատգամավորներին: Խնդիր է դրվել, որ արտոնյալներ չլինեն, ու բոլոր ՔՊ-ականները, անկախ նրանից՝ այդ օրը նիստ կամ քննարկում կա, թե չկա, անպայման պիտի խորհրդարանում լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ պատգամավորների գլխին անգամ «ստուգողներ» են նշանակել, որոնք, թուղթը ձեռքին, շրջում են միջանցքներով եւ հետեւում՝ պատգամավորներից ովքեր են եկել, ովքեր՝ ոչ: Հաճախակի բացակայող պատգամավորները սկզբում խիստ նկատողություն են ստանում, իսկ շարունակելու դեպքում՝ նաեւ պատժվում:
ՔՊ-ականներն այսպիսով հավանաբար ուզում են ցույց տալ, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, շատ են աշխատում, ու կապ չունի իրենց համար՝ նիստ կա թե չկա, ամեն օր պարտաճանաչ գալիս են խորհրդարան»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։
0Comments