Սուրճի մրուրը կարող է 30 տոկոսով բարձրացնել բետոնի ամրությունը. հետազոտություն
Հոկտեմբերի 18, 2025

Սուրճի մրուրը կարող է 30 տոկոսով բարձրացնել բետոնի ամրությունը. հետազոտություն

By Հոկտեմբերի 18, 2025 18

Աշխարհի մարդկանց մեծ մասը նախընտրում է իր օրը սկսել մի բաժակ անուշաբույր սուրճով՝ կարելի է միայն պատկերացնել, թե որքան սուրճի մրուր է ամեն օր հայտնվում թափոնների մեջ։ Սակայն, ավստրալացի գիտնականները նոր հետազոտությամբ հայտնաբերել են սուրճի մրուրի զարմանալի գործնական կիրառություն՝ այրված արտադրանքը ունակ է բարձրացնելու բետոնի ամրությունը մինչև 30%, գրում է Science Alert-ը: 

Ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 10 միլիարդ կիլոգրամ սուրճի մնացորդ, որի մեծ մասը հայտնվում է աղբավայրերում։ Ըստ RMIT համալսարանի ինժեներ Ռաջիվ Ռոյչանդի՝ օրգանական թափոնների հեռացումը շրջակա միջավայրի համար էկոլոգիական խնդիր է, քանի որ այն հանգեցնում է մեծ քանակությամբ ջերմոցային գազերի, այդ թվում՝ մեթանի և ածխածնի երկօքսիդի արտանետմանը, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը, հաղորդում է «Ֆոկուս»-ը: Գիտնականների նոր հնարամիտ բաղադրատոմսը, կարծես, ի վիճակի է լուծել միանգամից մի քանի խնդիր։ 

Ամբողջ աշխարհում զարգացող շինարարական շուկայի պայմաններում աճում է ռեսուրսատար բետոնի պահանջարկը, ինչը կապված է մի շարք բնապահպանական խնդիրների հետ։ Ըստ Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի (RMIT) ինժեներ Ցզե Լիի՝ շինարարության ոլորտի արագ աճող կարիքները բավարարելու համար ամբողջ աշխարհում բնական ավազի շարունակական արդյունահանումը, որը սովորաբար իրականացվում է գետերի հուններից և ափերից, մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։ 

Ռեսուրսների սահմանափակության և ավազի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության պատճառով, ավազի կայուն մատակարարումը պահպանելու հարցում կան կարևոր և երկարաժամկետ մարտահրավերներ: Գիտնականները կարծում են, որ նոր մոտեցումը կարող է օգնել կանխել օրգանական թափոնների աղբավայրերում հայտնվելը և ավելի լավ պահպանել մեր բնական ռեսուրսները, ինչպիսին է ավազը: 

Օրգանական արտադրանքները, ինչպիսին է սուրճի մրուրը, չի կարելի ուղղակիորեն ավելացնել բետոնին, քանի որ դրանք արտանետում են քիմիական նյութեր, որոնք նվազեցնում են շինանյութի ամրությունը։ Արդյունքում, գիտնականները ցածր էներգիա են օգտագործել և սուրճի մնացորդը տաքացրել են ավելի քան 350°C ջերմաստիճանում՝ զրկելով դրանք թթվածնից։ 

Այս գործընթացը հայտնի է որպես պիրոլիզ և քայքայում է օրգանական մոլեկուլները, որի արդյունքում առաջանում է ծակոտկեն, ածխածնով հարուստ փայտածուխ, որը հայտնի է որպես բիոածուխ և ունակ է կապեր ձևավորել ցեմենտի մատրիցի հետ՝ ներդրվելով դրա մեջ։ Հետազոտության ընթացքում սուրճի մրուրը պիրոլիզի է ենթարկվել նաև 500°C ջերմաստիճանում, սակայն ստացված բիոածխի մասնիկներն այդքան էլ ամուր չեն եղել։ 

Հետազոտության հեղինակները նախազգուշացրել են, որ իրենք դեռ պետք է ստուգեն և գնահատեն նման ցեմենտային արտադրանքի երկարակեցությունը։ Ներկայումս նրանք փորձարկում են սուրճի և ցեմենտի հիբրիդի վարքը սառեցման/հալեցման ցիկլերի, ջրի կլանման, մաշվածության և բազմաթիվ այլ սթրեսային գործոնների պայմաններում։

Rate this item
(0 votes)

Լրահոս