Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց
Հոկտեմբերի 19, 2025

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց

Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածում` Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս մայր տաճարի դիմացի մայթին, շուտով կբացվի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը, որը ձևավորելիս քրիստոնեական թեմայով պաննոներ են կիրառվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ի սկզբանե կայանը նախատեսվում էր անվանել «Shahid Nejatollahi»` ի հիշատակ համալսարանի դասախոսի, որը անցյալ դարի 70-ականների վերջին զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ: Սակայն անցյալ տարի մետրոյի ղեկավարությունը որոշեց ի նշան քրիստոնյաների հանդեպ հարգանքի կայարանն անվանել «Maryam-e Moghaddas» (Սուրբ Մարիամ). Իրանում այդպես են անվանում Մարիամ Աստվածածնին։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է կայարանի նկարիչ-ձևավորող Տանյա Տարիգմեհրը, ներքին տարածքը զարդարող յոթ պաննոները նվիրված են տարբեր քրիստոնեական հասկացություններին և Մարիամ Աստվածածնի կենսագրությանը, լի են քրիստոնյաների համար խորհրդանշական նշանակություն ունեցող տարրերով:

Նրա խոսքով` պատը, որը տեսնում է ուղևորը առաջին շարժասանդուղքով իջնելիս, զարդարված է Ղուրանի հայտնի «Մարիամ» սուրահից վեց հատված ներկայացնող պաննոյով, իսկ «Հանուն Աստծո» գրությունը, որն ավանդաբար կա Թեհրանի մետրոյի բոլոր կայարանների մուտքի վերևում, այս կայարանում տարբերվում է մյուսներից, քանի որ գրված է չորս լեզվով` անգլերեն, արաբերեն, պարսկերեն և արամերեն:

Թղթակցի դիտարկմամբ` մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, ընթանում են պաշտոնական բացման վերջին նախապատրաստական աշխատանքները։ Իշխանությունները բացումը նախատեսում են մոտ ապագայում, ինչից հետո կայարանը կկարողանա սպասարկել ուղևորներին։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025 18:52

Լրահոս