ԱՄՆ–ն և Հարավային Կորեան նախապատրաստվում են Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սցենարի իրագործմանը։ Այս մասին Ժնևում խորհրդարանների խոսնակների համաշխարհային համաժողովի ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Պակ Ին Չհոլը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Միջուկային պատերազմի իրականացման համար ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության նախապատրաստությունը մտել է վտանգավոր փուլ։ Դա ստիպում է ԿԺԴՀ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որպես աշխարհաքաղաքական ճգնաժամի պատասխան», - ասել է ԿԺԴՀ–ի խորհրդարանի խոսնակը։
Նա հավելել է, որ իր երկրի համար անվտանգային սպառնալիքների կանխարգելիչ զսպման միջոցների տիրապետումը խիստ կարևոր խնդիր է, որը կապված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հետ:
Պակ Ին Չհոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և «արբանյակները» իրենց հեգեմոնիան պահպանելու համար հրահրում են «անկայունություն և քաոս», և որ Փհենյանը չի համակերպվի «Ամերիկայի կամայականությունների» հետ և հանդես կգա ի պաշտպանություն միջազգային արդարության։
Նշենք, որ համաժողովին մասնակցում է Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Ու Վոն Սիկը: «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել է, որ Ու Վոն Սիկը և Պակ Ին Չհոլը միմյանց հետ չեն շփվել: Հուլիսի 29-ին Պակ Ին Չհոլը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: