Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ
Հուլիսի 16, 2025

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

By Հուլիսի 04, 2025 92

Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներս և թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբված Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։ Այս մասին նշվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ: 

«Վերահաստատում ենք անսակարկ մեր սերը, հավատարմությունը և ամբողջանվեր ծառայությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հաստատված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով նվիրագործված քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։

Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց Եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին։

Խստորեն դատապարտում ենք տարվույս հունիս 27-ին ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայել արքեպիսկոպոսին հարկադրաբար բերման ենթարկելու որոշումը, երբ նա պատրաստակամություն էր հայտնել կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչը և տեղի ունեցավ։

Իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության ցայտուն դրևորումներից է նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատազրկումը, որը կապված է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա հայտարարության հետ։

Իշխող քաղաքական ուժի համակարգված քարոզչության պայմաններում ծանր մեղադրանքներով հարուցվեց քրեական հետապնդում և ազատությունից զրկվեց նաև Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։

Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։

Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասս և թեմակալ առաջնորդներս մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։

Հայոց Եկեղեցու հոգևոր դասը Հայաստանում և ի սփյուռս շարունակելու է տարածել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հոգևոր ու ազգային ոգով կրթել մեր ժողովրդի զավակներին՝ հոգածու և պատշաճ արձագանքելով թե՛ ներազգային ու ներպետական, թե՛ արտաքին մարտահրավերներին՝ իրացնելով ճշմարտության խոսնակ լինելու Տերունի պատգամը (հմմտ. Հովհ. 8.32)։

Կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ հաստատուն մնալ առ Աստված հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ արդար, բարօր և ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստվածօրհնյալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հենասյունն է հայոց ինքնության և պետականության, ու ծաղկյալ՝ Հայրապետական գավազանը Հայոց Հայրապետի»,-նշվում է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանին շքամուտքում ծեծել են (վիդեո)

Արևմուտքը Իրանի համար վերջնաժամկետ է սահմանել օգոստոսի վերջը՝ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար

Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը

Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը կայացել է․ չափագրումն ավարտված է

Ռուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել է Փաշինյանին

Եկեղեցին դարձրել են «Իսլամական պետության» ֆիլիալը, գլուխ են կտրում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Թրամփը Լոս Անջելեսից հետ է քաշում Ազգային գվարդիայի հազարավոր զորքերը

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում

Թրամփը չի պատրաստվում Ուկրաինային JASSM հեռшհար հրթիռներ մատակարարել

100 գրա՞մ, թե՞ կիլոգրամ. օգոստոսի 1-ից Հայաստանի խանութները պետք է ճշգրտեն գնապիտակները

ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ

Հայաստանում կսահմանափակվեն անհատական զեղչերը

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին նախընտրում է մարզվել 100,000 դոլար արժողությամբ ադամանդներով