Վաշինգտոնը մեծացնում է Բեյրութի վրա ճնշումը՝ «Հըզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ կառավարության պաշտոնական որոշում ընդունելու համար, նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը, Reuters-ին հայտնել են իրադրությանը ծանոթ հինգ աղբյուրներ։
Ըստ երկու լիբանանցի պաշտոնյաների, երկու դիվանագետների և իրավիճակին ծանոթ լիբանանյան աղբյուրի՝ Լիբանանի նախարարների հրապարակային հայտարարության բացակայության դեպքում Միացյալ Նահանգները ՝ լիբանանցի պաշտոնյաների հետ բանակցությունների համար այլևս չի ուղարկի ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին Բեյրութ կամ ավիահարվածները դադարեցնելու կամ իր զորքերը հարավային Լիբանանից դուրս բերելու համար Իսրայելի վրա ճնշում չի գործադրի:
Վաշինգտոնն ու Բեյրութը գրեթե վեց շաբաթ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի «ճանապարհային քարտեզի» շուրջ, որը նախատեսում է «Հըզբոլլահ»-ի լիակատար զինաթափում, որի դիմաց Իսրայելը կդադարեցնի հարվածները և դուրս կբերի զորքերը Լիբանանի հարավում տեղակայված հինգ կետերից։
Սկզբնական առաջարկը ներառում էր պայման, ըստ որի Լիբանանի կառավարությունը պետք է «Հըզբոլլահ»-ին զինաթափելու որոշում ընդունի:
Ինչպես նշում է Reuters-ը, «Հտզբոլլահ»-ը հրապարակավ հրաժարվել է հանձնել իր ամբողջ զինանոցը, բայց մասնավոր կարգով որոշել է կրճատել այն։
Շարժումը միաժամանակ լիբանանցի պաշտոնյաներին հայտարարել է, որ Իսրայելը պետք է առաջին քայլն անի՝ դուրս բերելով իր զորքերը և դադարեցնելով անօդաչու թռչող սարքերի հարվածները «Հըզբոլլահ»-ի մարտիկների և զենքի պահեստների վրա։