«Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը կկասեցվի, մինչև Պակիստանը վերջնականապես չհրաժարվի ահաբեկչությանն աջակցելուց», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նախարարի խոսքով՝ այս պայմանագիրն «ստորագրվել է բարեկամական մղումներով», սակայն 1960 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք խաթարել են այս պայմանագրի ոգին:
1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը, որը նախատեսում է ջրային ռեսուրսների բաշխում: Ըստ այս համաձայնագրի՝ Իսլամաբադը վերահսկողություն է ստացել Ինդոսի և դրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից։ Սակայն Հնդկաստանն, ըստ պայմանագրի, կարող է դրանց ջուրն օգտագործել հարակից դաշտերը ոռոգելու և հարակից շրջանների բնակիչների կարիքների համար: Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ:
Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ դադարեցման մասին:
Նյու Դելին հայտարարեց ահաբեկչությանը Պակիստանի ներգրավվածության մասին։ Լույս մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում տեղակայված ահաբեկիչների թիրախներին: Պակիստանը պատասխան հարվածներ հասցրեց:
Մայիսի 10-ին կողմերը հայտնեցին լիակատար հրադադարի մասին: Ինչպես հայտարարել են Հնդկաստանի պաշտոնատար անձինք, «Սինդուր» ռազմական գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել: