Ռուսաստանն ու Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանին։
«Օգոստոսին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն 2025» համատեղ զորավարժություններ Վլադիվոստոկի մոտակայքում գտնվող ծովային և օդային տարածքում»,– ասել է Սյաոգանը։
Նա ընդգծել է` զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի զինվորականների միջև տարեկան համագործակցության ծրագրի մաս են, ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն միջազգային և տարածաշրջանային ներկայիս իրավիճակի հետ։
Նա հավելել է, որ համատեղ զորավարժություններից հետո երկու կողմերի որոշ ուժեր կանցկացնեն իրենց վեցերորդ համատեղ ծովային պարեկությունը Խաղաղ օվկիանոսի համապատասխան ջրատարածքում։
Հիշեցնենք` հուլիսի 21-23–ը Կասպից ծովում անցկացվել են ռուս-իրանական եռօրյա CASAREX 2025 համակցված զորավարժություններ՝ Իրանի և Ռուսաստանի նավերի և ծովային ավիացիայի մասնակցությամբ։