Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռազմական ներուժը ծառայում է պաշտպանական նպատակների և ապահովում է ազգային անվտանգությունը, գրում է Mehr-ը։
Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության համալիր կատարած այցի ժամանակ Փեզեշկիանն ընդգծել է, որ կառավարությունը լիովին աջակցում է երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ ասելով, որ Իրանի ռազմական ձեռքբերումները զսպում են ցանկացած արտաքին ագրեսիա:
Իրանի նախագահը կիրակի առավոտյան այցելել է ՊՆ օդատիեզերական ստորաբաժանում, որտեղ ծանոթացել է պաշտպանության և տիեզերական ոլորտում տարբեր ձեռքբերումների։
«Կար ժամանակ, երբ մեր թշնամին կարող էր ազատորեն հարձակվել մեզ վրա։ Պատերազմի ժամանակ (Իրաքը) անսահմանափակ մուտք է ունեցել մեր ցամաքային և օդային տարածք, ինչը թույլ է տվել նրանց գործել այնպես, ինչպես ցանկանում են»,- ասել է Իրանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Իրանի ժամանակակից ռազմական ձեռքբերումներն այժմ ապահովում են, որ իրանական հողն այլևս խոցելի չի լինի արտաքին սպառնալիքների կամ հավակնությունների համար:
Հաստատելով, որ Իրանի ռազմական դոկտրինն իր բնույթով պաշտպանական է, Փեզեշկիանը հայտարարել է. «Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծությունների, ինչպես դա արեցին անցյալում: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, Իրանի պաշտպանական հզորության մարմնացումն է, որը կոչված է պաշտպանելու Իսլամական Հանրապետությունը, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»:
Նա նաև ընդգծել է Իրանի հանձնառությունն իր պաշտպանական կարողություններն ամրապնդելու գործում՝ հայտարարելով, որ Իրանը կշարունակի զարգացնել իր պաշտպանական հզորությունը ոչ թե որևէ ազգի սպառնալու համար, այլ ապահովելու, որ ոչ մի երկիր չհամարձակվի խախտել իր ինքնիշխանությունը:
Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում մինչև մայիսի 15-ը: Այս մասին նշվում է նախարարի հրամանում, որը ստորագրվել է տարիներ առաջ, սակայն գործում է առայսօր։
Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:
Հաստատության տնօրենը հաստատում է 5 քննական առարկաների ցանկը, ժամանակացույցը և տեղեկացնում է Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):
Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք՝ 2-12-րդ դասարանների սովորողի բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:
1) 10-12-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը՝ Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն` որոշում կայացնելու համար:
2) Նախարարությունը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում և տեղեկացնում է Հաստատության տնօրենին:
36. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից՝ առնվազն 3 տարբերակով:
Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:
Որևէ կիսամյակում կամ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային (տարեկան) գնահատականներ չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:
200 ժամից ավելի բացակայելու կամ նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)՝ 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում՝ սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:
Աղբյուրը Իրավաբան.net
Կիևը հրթիռային հարված է հասցրել Սուջային՝ փորձելով շեղել համաշխարհային հասարակական կարծիքը Կիևի ռեժիմի վայրագություններից, որոնք իրականացվել են Կուրսկի շրջանի Ռուսկոյե Պորեչնոյե գյուղում։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին, իսկ ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերն արձանագրել են հակառակորդի հրթիռների արձակումը Ուկրաինայի Սումիի շրջանից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Փետրվարի 1-ին Ուկրաինայի զինված ուժերը հերթական պատերազմական հանցագործությունն են կատարել՝ թիրախային հրթիռային հարված հասցնելով Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ Կիևը հրթիռային հարված է հասցրել Սուջային՝ փորձելով շեղել համաշխարհային հասարակական կարծիքը Կիևի ռեժիմի վայրագություններից, որոնք իրականացվել են Կուրսկի շրջանի Ռուսկոյե Պորեչնոյե գյուղում։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը քաղաքացիական օբյեկտին ևս մեկ անգամ ցույց տվեց Կիևում իշխանության ղեկին գտնվողների ահաբեկչական, անմարդկային բնույթը», - ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնն իր հերթինհայտարարել է, որ Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ հավաստի տեղեկություններ դեռևս չկան։
«Ամեն դեպքում, հրթիռային հարվածը գիշերօթիկ դպրոցին, որտեղ մարդիկ կարող էին լինել, աններելի հանցագործություն է և չունի վաղեմության ժամկետ։ Հարգելի սուջացիներ, աղոթում եմ ձեզ հետ»,–Telegram–ի իր ալիքում գրել է Խինշտեյնը։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.04 դրամ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի առավոտյան կուղևորվի Միացյալ Նահանգներ և կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը առավոտյան կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը կլինի պետության առաջին ղեկավարը, որի հետ ԱՄՆ նախագահ Թրամփը կհանդիպի իր երդմնակալության արարողությունից հետո։
Այս պատմական հանդիպմանը երկու առաջնորդները կքննարկեն Գազայի հատվածը, պատանդների ազատ արձակումը, իրանական դիմադրության առանցքը և այլ կարևոր հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել, որը 25%-ի մաքսատուրք է սահմանում Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա և լրացուցիչ 10%-ի մաքսատուրք Չինաստանից ապրանքների համար, հայտնում է CBS News-ը։
Կանադան ժամեր անց արձագանքել է սեփական մաքսատուրքերը մտցնելով, մինչդեռ Մեքսիկան հայտարարել է, որ նույնպես պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի համար:
Իր հերթին, Չինաստանի առևտրի նախարարը հայտարարել է, որ Չինաստանը կվիճարկի մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով՝ ընդգծելով, որ այդ քայլը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները։
Մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 12:01-ին: Թեև հրամանը սահմանում է 25%-ի մաքսատուրք Կանադայից ապրանքների համար, սակայն «էներգետիկ ռեսուրսները», ինչպիսիք են նավթն ու գազը, կենթարկվեն միայն 10% մաքսատուրքի։
Թրամփի հրամանում նշվում է, որ եթե երեք երկրներից որևէ մեկը «պատասխանի Միացյալ Նահանգներին» «ներմուծման մաքսատուրքերով» կամ «նմանատիպ միջոցներով», ապա նախագահը «կարող է մեծացնել կամ ընդլայնել սույն հրամանագրով սահմանված մաքսատուրքերի շրջանակը՝ դրանց արդյունավետությունն ապահովելու համար»։
Հրամանի ստորագրումից հետո սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ Թրամփը հայտնել է, որ հրամանը տրվել է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների ակտի համաձայն՝ «անօրինական ներգաղթյալների և մահաբեր թմրանյութերի, այդ թվում՝ ֆենտանիլի, սպառնալիքի պատճառով, որոնք սպանում են մեր քաղաքացիներին»:
Թրյուդոն, իր հերթին, շաբաթ երեկոյան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կանադան կպատասխանի 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելով «155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա», և մաքսատուրքերի առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրը:
«Դա կներառի 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների վրա անհապաղ մաքսատուրքեր՝ սկսած երեքշաբթի օրվանից, որին կհետևեն լրացուցիչ մաքսատուրքեր 125 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար 21 օրվա ընթացքում, որպեսզի կանադական ընկերությունները և մատակարարման շղթաները հնարավորություն ստանան այլընտրանքներ գտնելու համար», - ասել է Թրյուդոն:
Իսկ սոցցանցերում հրապարակած իր հայտարարության մեջ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն ասել է, որ հանձնարարել է իր էկոնոմիկայի նախարարին պատասխան պատրաստել, որը կներառի և՛ պատասխան մաքսատուրքեր, և՛ այլ միջոցներ՝ «Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»:
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 2-5-ը տեղումներ չեն գրանցվի: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 2-ի ցերեկը կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 0-2 աստիճան տաքություն։
Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժեց, նա ազատ արձակվեց: Դատարանի բակում հավաքված քաղաքացիները նրան ծափերով դիմավորեցին:
Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։
Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ-մայիս ամիսներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։
Հայտնել էինք, որ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են նոր, ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8000 դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5500 դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։
«Այսինքն ամենաուշը 2-3 ամիս անց Հայաստանում սուրճը 20-30 %-ով կթանկանա։ Ով ունի հին խմբաքանակ, կարող է ներկայիս գինը պահել մինչև նոր խմբաքանակի ստացումը։ Թանկացումը կտարածվի բոլոր տեսակի սուրճերի վրա։ Գնաճ նկատելի կլինի նաև շոկոլադի շուկայում, մոտ երկու անգամ թանկացում կնկատվի»,–ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիոյում և Վիետնամում եղանակային պայմաններն են, որտեղ կամ երաշտներ են, կամ ամենօրյա անձրևներ, որի հետևանքով բերքը պակասում է։
Նույն խնդիրն առկա է նաև կակաոյի շուկայում։ Հիմնական արտադրող երկիրը Կոտ դ’Իվուարի Հանրապետությունն է, որտեղ ևս եղել է եղանակային պայմանների փոփոխություն, որի պատճառով կակաոն թանկացել է։
Նրա խոսքով` «Արաբիկա» տեսակի սուրճը վաճառվում է Նյու Յորքի բորսայում, իսկ «Ռոբուստա» տեսակի սուրճը` Լոնդոնի բորսայում։ Այդ երկու բորսաներն են որոշում սուրճի միջազգային գինը։ Մեծ խաղացողներն օգտվում են իրավիճակից ու բարձրացնում են սուրճի գինը, որպեսզի գերշահույթ ստանան։
Հովսեփյանը շեշտեց, որ 1972 թվականից այս կողմ սուրճի նման թանկացում չի եղել։
Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։
Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։
«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», - ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։
Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։