Հնդկաստանում անց է կացվել «հնդկական կորիդա»՝ Ջալիկատտի

Ցլերի սանձահարման մրցությունում մոտ 70 մասնակից է տուժել

Հնդկաստանի հարավային Տամիլնադ նահանգում ընթացիկ շաբաթվա սկզբից մոտ 70 մարդ է տուժել. նահանգի բնակիչները նշում են պտղաբերության Փոնգալ ամենամյա տոնը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է նահանգի կառավարությունը:

Խոսքը հռչակավոր «հնդկական կորիդայի»՝ Ջալիկատտիի մասին է, որը ցլերի սանձահարման մրցություն է: Այս ավանդույթի պատմությունը նվազագույնը 2,5 հազարմայա տարիք ունի. Հինդուստան թերակղզու մինչ այժմ գոյություն ունեցող քաղաքներից հնագույնում՝ Մադուրայում գտնվել են որմնանկարներ եւ ժայռապատկերներ, որոնցում պատկերված է ցլին սանձահարող մարդ: Գեղանկարչության տարիքը կազմում է մոտ 2500 տարի:

Տամիլնադի վարչակազմը հայտնել է, որ տոնակատարության առաջին 2 օրը վիրավորվել է մոտ 50 մարդ, որոնցից 9-ին տեղափոխել են հիվանդանոց: Չորեքշաբթի իշխանությունները տեղեկություններ են ստացել եւս 19 տուժածի մասին:

Ի տարբերություն իսպանական կորիդայի՝ Ջալիկատուն ցլի հետ մարդու մարտ չէ, այլ հենց սանձահարում: Տարբեր շրջաններում այս ավանդույթը զանազան տարբերակներով է ներկայացված, սակայն բոլորը նման են մի բանում՝ տղամարդը պետք է երկու ձեռքով բռնի ցլի պոզերից եւ որոշակի ժամանակ ցլի վրա մնա կամ նրա վրա որոշակի տարածություն «անցնի»:

Կենդանիներին հատուկ ձեւով են խնամում. Առաջին՝ կերակրում են հատուկ սննդակարգով, որ խոշոր եւ ուժեղ մեծանան, երկրորդ՝ հորթերի համար ապահովում են մարդկանց հետ նվազագույն շփում: Սա արվում է այն նպատակով, որ ցլերը մարդուն չընտելանան եւ նրանց իրենց մոտ չթողնեն: