Հարավային Կորեան տարեկան միջինում 7,5 տոկոսով ավելացնելու է պաշտպանական ծախսերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անկախ հնարավորությունների ստեղծմանը՝ «բոլոր կողմերից սպառնալիքներին հակազդելու համար», հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեային ՊՆ-ին:
ՊՆ-ն ներկայացրել է 2019-2023 թթ. ծրագիր, որի համաձայն նախատեսվում է 270,7 տրիլիոն վոն (241,9 մլրդ դոլար) ծախսել `պաշտպանական կարողությունները մեծացնելու համար:
Ծրագրի համաձայն նախարարությունը ձգտում է մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն, որն այս տարի կազմում է 46.7 տրիլիոն վոն, 2020 թ. մինչեւ 50.3 տրիլիոն վոն, 2021 թվականին` մինչեւ 54.1 տրիլիոն վոն, 2022 թ. մինչեւ 57.2 տրիլիոն վոն եւ 2023 թ. մինչեւ 61,8 տրիլիոն վոն:
Ընթացիկ տարվանից մինչեւ 2023 թվականը նախարարությունը հույս ունի պաշտպանունակության հզորացման համար տարեկան բյուջեն միջինը 10,8 տոկոսով մեծացնել, իսկ զինված ուժերի կառավարման համար` միջինը 5,8 տոկոսով:
Միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է 65,6 տրիլիոն վոն տրամադրել մի շարք նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են միջուկային զենքի եւ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի սպառնալիքներին արձագանքելու կարողության ապահովմանը:
Միջուկային զենքին եւ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերին հակազդելու համար նախարարությունը մտադիր է թիրախին ռազմավարական հարված հասցնելու հնարավորություներ ապահովել՝ ռազմական արբանյակների, բարձր եւ միջին բարձրության անօդաչու թռչող սարքերի եւ հեռահար շառավղով գործողության կառավարվող հրթիռների ձեռքբերման միջոցով:
Այդ նպատակով այն զարգացնելու է Հակահրթիռային պաշտպանության կորեական համակարգի ծրագիրը, որը ներառում է վաղաժամ զգուշացման ռադարներ եւ Cheolmae II համակարգեր, որոնք կարող են մոտ 20 կմ բարձրության վրա հարվածել թիրախին: Այն նաեւ ձգտելու է ժամանակակից հրթիռների եւ այլ միջոցներով «ճնշող արձագանքման» հնարավորություններ ստեղծել:
0Comments