Քաթարը մեկ միլիարդ դոլար կտրամադրի Իրաքի վերականգնմանը

Իրաքի նախագահը պաշտոնական այցով Քաթարում է

Քաթարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրաքի նախագահ Բարխամ Սալեհի հետ կայացած բանակցություններում հավաստել է Իրաքի ենթակառուցվածքի վերականգնման գործում մեկ միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամությունը: Այդ մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական գրասենյակը:

Իրաքի նախագահը հունվարի 9-ից պաշտոնական այցով գտնվում է Քաթարում: Սալեհը Դոհա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցություններից հետո, որը հունվարի 13-ին նույնպես կայցելի Քաթար՝ մասնակցելու ռազմավարական երկխոսության խորհրդաժողովին:

«Բանակցությունների ընթացքում Քաթարը հայտարարեց Իրաքի ենթակառուցվածքային նախագծերում եւ վերականգնման գործում մեկ միլիարդ դոլարի չափով վարկերի ու ներդրումների փաթեթի մասին»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նավարկություն հաստատել Քաթարի Համադա եւ Իրաքի Ոմմ Քասր նավահանգիստների միջեւ՝ նպատակ ունենալով տնտեսական ու առեւտրական հարաբերությունների զարգացումը: Սալեհը Ալ Թանիին հրավիրել է այց կատարել Իրաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: