Գազի թանկացումը Հայաստանի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Դա այն գումարն է, որը պետք է վճարվի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու դեպքում։ Անկախ նրանից, թե ով կվճարի այն, գումարը դուրս է գալու Հայաստանից։ Մինչդեռ 30 միլիոնը քիչ ռեսուրս չէ ներքին տնտեսության ու տնտեսական ծրագրերի իրականացման համար։
Տարվա կտրվածքով Հայաստանը Ռուսաստանից ներկրում է շուրջ 2 մլրդ խորանարդ մետր գազ։ Դրա դիմաց նախկինում վճարվում էր յուրաքանչյուր 1000 խորանարդի համար՝ 150 դոլար։ Գումարը կազմում էր տարեկան շուրջ 300 մլն դոլար։ Վերջին թանկացումից հետո այն կհասնի 330 մլն դոլարի։
Հունվարի 1-ից ձևավորված նոր հարաբերությունների պայմաններում լրացուցիչ գումարի վճարման հարցն առայժմ բաց է մնում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ տեսանելի ապագայում գազի ներքին սակագները կմնան անփոփոխ, այնուհանդերձ, դա դեռ չի նշանակում, որ մոտակա ժամանակահատվածում դրանք չեն բարձրանա։ Գազի ներքին սակագների հետ կապված իրավիճակը շարունակում է նույնքան անորոշ լինել, որքան մեկ կամ երկու ամիս առաջ։
Գին չբարձրացնելն այս փուլում ընդամենը ժամանակավոր լուծում է։ Ամեն ինչ կապված է լինելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ Հայաստանի կառավարության կողմից վարվող բանակցություններից։ Դրանց նպատակը մեկն է՝ գտնել միջոցներ ռուսական գազի ներմուծման գնի բարձրացման պայմաններում ներքին սակագներն անփոփոխ թողնելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական գազը Հայաստանը ստանում է 1000 խորանարդ մետրը՝ 165 դոլարով։
Թե կառավարությանը որքանո՞վ կհաջողվի լուծել այդ խնդիրը, ցույց կտա ժամանակը։ Հնարավոր է համարվում, որ բանակցությունները գազի ներքին գների վերաբերյալ կարող են ամիսներ տևել։ Այդ ընթացքում, ինչպես հավաստիացնում է փոխվարչապետի պաշտոնակատարը, գազամատակարար ընկերությունը պատրաստակամություն է հատնել չդիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հայտով։
Այդ ընթացքում թե ո՞վ պետք է վճարի գազի ներմուծման գնի բարձրացված մասի համար, առաժմ պարզ չէ։ Բայց որ ինչ-որ մեկը վճարելու է, կասկած չկա։
Կառավարությունը մտադիր է գազի ներմուծման գնի բարձրացման ծանրությունը դնել գազամատակարար ընկերության վրա։ Հիմնական հույսը համակարգի ծախսերի օպտիմալացումն ու կորուստների կրճատումն է։
Այստեղ, իհարկե, որոշակի ռեսուրսներ կարող են լինել, բայց դրանք նախ պետք է բացահայտել և հիմնավորել։ Ու դեռ հարց է, թե այդ գումարները որքանով թույլ կտան փոխհատուցել առաջացող ֆինանսական ճեղքվածքը, ինչը բավական լուրջ գումար է։ Առավել ևս, որ ներմուծման գնի բարձրացման հետևանքով ավելացել է նաև ընկերության հարկային բեռը։
Թանկացած մասի դիմաց ավելացված արժեքի հարկի տեսքով «Գազպրոմ Արմենիան« ստիպված է լինելու վճարել յուրաքանչյուր 1000 խորանարդի համար, կոպիտ ասած, հավելյալ 3 դոլարին համարժեք հարկ։ Տարեկան կտրվածքով այն կազմելու է շուրջ 6 մլն դոլար։
Ակնհայտ է, որ գազի մատակարարման թանկացման հետևանքով սակագնային ճնշումը բավականաչափ մեծացել է։ Սակայն խնդիրը միայն դրանում չէ։
Ինչպես հայտնի է, ներմուծման գնի պահպանման պայմաններում երկու տարի առաջ «Գազպրոմ Արմենիան» հանդես եկավ սակագները նվազեցնելու սեփական նախաձեռնությամբ՝ հույս ունենալով, որ դա կնպաստի սպառման ծավալների ընդլայնմանը։ Իջեցվեց ինչպես՝ բնակչության, այնպես էլ՝ խոշոր սպառողների գազամատակարարման սակագինը։
Բայց ակնկալիքները չարդարացան։ Ու հիմա ընկերությունը կանգնած է կորուստները վերականգնելու խնդրի առջև։
Թեև դեռևս չեն ամփոփվել տարեկան ցուցանիշները,այնուհանդերձ անցած սակագնային տարվա առաջին երեք եռամսյակի ցուցանիշները վկայում են, որ գազի սպառման ծավալի աճն այնպիսին չէ, ինչպիսին ակնկալվում էր։ Ռուսաստանից ներմուծվող գազը 2018թ. ինն ամիսներին ավելացել է ընդամենը 14 մլն խորանարդ մետրով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ատոմակայանի երկարատև կանգառով պայմանավորված՝ զգալիորեն մեծացել է ջերմային կայանների կողմից ներկայացվող գազի պահանջարկը։ Աճը հասնում է 57 տոկոսի։ Նախորդ տարվա 300 մլն խորանարդի դիմաց, 2018թ. 9 ամիսներին այս հատվածում սպառվել է 473 միլիոն խորանարդ մետր գազ։
Դրանով հանդերձ, ռուսական գազի ներմուծումը դեռևս չի հասել անգամ 2015թ. մակարդակին։
Հաշվի առնելով այն հանգամանքը,որ սակագնի նվազեցման հետ կապված ակնկալիքները չեն բավարարվել՝ ընկերությունը հայտնվել է փաստի առջև։ Մինչև այժմ սակագնի նախորդ նվազեցման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակվել է մայր ընկերության՝ «Գազպրոմի» հաշվին։ Պաշտոնական տվյալներով,նախորդ երկու տարիներին այդ նպատակով հատկացվել է տարեկան ավելի քան 13 մլրդ դրամ, ինչը համարժեք է ավելի քան 26 մլն դոլարի։
«Գազպրոմն» այլևս մտադիր չէ կրել այդ բեռը։ Մի բան, ինչը նշանակում է, որ այն փոխհատուցելու հիմնական հույսը ևս մնում է «Գազպրոմ Արմենիայի» վրա։ Աղբյուրներից մեկն էլ կարող է լինել ներքին սակագինը։
Ինչևէ, միայն այդ գործոնի և ներմուծման գնի բարձրացման հետևանքով գազամատակարարման համակարգում կարող է ի հայտ գալ լրացուցիչ 55-60 մլն դոլարի փոխհատուցման խնդիր։ Եթե դա պիտի վճարի սպառողը, ապա այն ենթադրում է բավական լուրջ ճնշում սակագների վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
0Comments