Ղազախստանում պետական մակարդակով հրահրվում են հակահայկական տրամադրություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։
«Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։
Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել գործընթացին՝ պետական պաշտպանեւթյան տակ վերցնելով Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի աշխարհի բոլոր ծայրերում բնակվող և աշխատող հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը»,– գրել է Ղազինյանը։
Նշենք, որ ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքն ուշագրավ անդրադարձ է կատարել օրերս Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են:
Ռեպորտաժի հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:
0Comments