Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ում հյուրընկալել է 300 մանուկների

Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ամանորյա միջոցառմանը եկել էին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերի և քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ:  
 
Բաղրամյան 26-ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ:  «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:

Նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:

Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր:  6-ամյա Լիանա Թոփալյանն այնքան էր տպավորված խաղերով, որ ասաց՝ խնդրելու է մայրիկին իրեն կրկին բերի այստեղ: Լիանան մեզ հայտնեց նաև, թե ինչ է ցանկացել Ձմեռ պապիկին գրած իր նամակով. «Ձմեռ պապիկից ուզել եմ տիկնիկ, գնդակ ու ժամացույց»:

Ցանկալի նվերներից մեկը Լիանան ստացավ հենց Բաղրամյան 26-ում: Երեխաներին այցելած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը բոլորին նվիրեցին հայկական արտադրության ժամացույցներ և քաղցրավենիքով լի տոպրակներ: Ի դեպ, արտադրողները բոլոր նվերները տրամադրել էին անվճար: Երեխաների համար պատրաստվել էր նաև մանկական հյուրասիրություն:

Սահմանամերձ Բաղանիսից եկած 9-ամյա Կարինե Ասատրյանին Բաղրամյան 26-ում ամենաշատը դուր էր եկել տոնածառը: «Շատ եմ խաղացել ծաղրածուի հետ»,- նշեց Կարինեն:

Աննա Հակոբյանը շրջեց դահլիճում, անձամբ շփվեց բոլոր երեխաների հետ: Նրա հետ նկարվել ցանկացող փոքրիկները շատ էին: Նրանցից շատերը ծանոթացան ու շփվեցին նաև վարչապետի պաշտոնակատարի դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ: