ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսին նշել է, որ պատրաստակամ է նոր կառավարության ձևավորումից հետո էլ շարունակել իր աշխատանքը:
«Մայիսի տասից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է»,- ասել է նա: Խոսելով ձեռքբերումներից՝ ոստիկանապետը կարևորել է ընտրությունների անցկացման հարցում ոստիկանության դերակատարությունը:
Ինչ վերաբերում է նախկինում եղած իրավիճակին, նա ասել է.
«Ես ականատես չեմ եղել, որ ոստիկանությունը ներգրավված է անթույլատրելի գործընթացի մեջ, բայց չեմ բացառում դա, քանի որ նախկին տարիներին տեսել եմ ոստիկանների, որոնք ոչ բարեխիղճ էին, ընտրությունների մասով, ինչու չէ, նաև ընտրակաշառքի բաժանումների մասով, որոնք տեսել, նկատել են, բայց չեն արձանագրել»:
Օսիպյանը վերջին ընտրությունները եզակի է համարել այն առումով, որ ոստիկանապետը որևէ ոստիկանի նկատմամբ չունի նշանակված ծառայողական քննություն, այսինքն՝ չկա որևէ բողոք, թեև չհերքեց, որ մանր թերություններ եղել են:
«Ունենք բացթողումներ, բոլոր ծառայություններում կան թերություններ, բայց վստահ եմ, որ 2019 թվականին կվերանայենք այդ ամենը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը, քաղաքացիների մտահոգություններին, թե կատաստրոֆիկ վիճակ է, Վալերիյ Օսիպյանը նշել է, որ երբ վարչապետին զեկուցում է, երբեմն դիտողություններ են լինում:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1300 արձանագրություն ճանապարհային ոստիկանների կողմից ավելի է արձանագրվել: Այսինքն՝ ո՞նց կարելի է չաշխատել և 1300 ավելի արձանագրություն կազմել»,- ասել է նա:
Ըստ ոստիկանապետի՝ հեղափոխությունից հետո քաղաքացին ավելի պահանջատեր է դարձել, իր իրավունքները լավ գիտի: «Ցո՛ւյց տվեք մի երկիր, որ խցանում չլինի, որտեղ ուղղակի կես ժամ, մեկ ժամ խցանումների մեջ չլինեն»,- ասել է նա՝ հավելելով, որ օրերս է վերադարձել հարևան Վրաստանից, որտեղ ևս կային խցանումներ:
Վալերիյ Օսիպյանը նշել է, որ մտահոգություն կա, սակայն չի համաձայնել, որ ճանապարհներին խայտառակ վիճակ է տիրում: Նա հիշեցրել է, որ մոտավորապես 13 միլիարդի կարգի տուգանքներ ներվել են, և չի բացառել, որ կլինեն վարորդներ, ովքեր կմտածեն՝ հիմա խախտում անեն, կգա ժամանակ, էլի կհամաներվեն: «Ոչ, այդպիսի բան չի լինելու, գնալով ավելի ենք խստացնելու: 2019 թվականին, վստահ եմ, կանցնենք բալային համակարգի, և այն հենց առաջին ամսում կտա իր արդյունքները»,- ասել է նա:
0Comments