Փետրվարի 8-ի կարևոր լուրերը՝ մամուլից

Armeniadaily.am-ը ներկայացնում է


«Փաստ»-ը գրում է. «Ինչպես երեւում է՝ նախկին իշխանությունները որոշել են քաղաքական դաշտում տարբեր ռակուրսներով պրոյեկտվել. դրա դրսեւորումներից մեկը կլինի Ֆեյսբուքում ակտիվ, ընդդիմադիր հատվածում որոշակի լուրջ մոբիլիզացիա ունեցող ներկայացուցիչների շուրջ կայուն քաղաքական թիմ ձեւավորելը: Այդ ուժը տանելու է այլ գիծ, եւ ավելի կոշտ քաղաքական հռետորաբանությամբ է աչքի ընկնելու՝ հանդես գալով ավելի արմատական դիրքերից, երբեմն էլ քննադատելու է նախկին իշխանություններին»:

 

«Իրատես»-ը գրում է. «Ասում են՝ այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է,  բացարձակապես չի զբաղվելու քաղաքականությամբ: Ավելին, պնդում կա, որ մայիսին սպասվող տարբեր ճակատների` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդիա» բուռն մուտքը քաղաքական դաշտ, քոչարյանական թեւից ստվերային ձեւով առաջնորդելու է հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Ի դեպ, նա այս պահին «կտրուկ» մերժում է քաղաքականություն մտնելու հայտը, խաղում է միջնորդավորված` էներգետիկայի նախկին նախարար Հայկ Հարությունյանի եւ փոխկապակցված` սանիկների, տնտեսական լուրջ մասնագետների բլոկով: «Փեսան»` Հայկ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանի զարմիկն է, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին»:

 

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների միջեւ անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը եւ արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից»,- ասել է թերթի աղբյուրը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արցախյան հարցի վերաբերյալ բոլոր կարեւոր արտերկրյա հանդիպումներից առաջ եւ հետո ավանդույթ էր ձեւավորել՝ մեկնում էր Արցախ, հանդիպում տեղի քաղաքական էլիտայի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներ, հանդիպումներ չի ունենում։ Արցախի իշխանություններն ու էլիտան սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին նրա բարեհաճությանն արժանանալու համար, սակայն ինչ-որ պահից այլ մարտավարություն ընտրեցին։ Նրանք որոշել են այսուհետ պահել ներքին համերաշխություն եւ կոշտ հակազդել հայաստանյան իշխանություններին, եթե միջամտեն իրենց ներքին կյանքին։ Ինչպես եղավ, օրինակ, Սամվել Բաբայանի՝ «հող հանձնելու» վերաբերյալ մեղադրական հայտարարությունից հետո։ Այդ հայտարարությանն արձագանքեց անգամ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, չնայած, որ նա հեղափոխությանն ու Փաշինյանի իշխանությանը թիվ 1 սատարողի համբավ ունի»:

 

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին հարցաքննվել էր նաեւ Սերժ Սարգսյանը. սա նրա երրորդ հարցաքննությունն էր։ Մոտ 1500 հարցից կազմված հարցաշար են նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է։ Մասնավորապես, Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու»՝ խոտանված ռելսերի վաճառքի դրվագով են հարցեր տվել։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը ժամանակին զենք է ձեռք բերել։ ՀՔԾ-ն համառորեն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մանրամասները։ Երրորդ նախագահին աջակցող իրավաբանների խումբ է ստեղծվել, եւ ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր, որ նրան մեղադրանք է առաջադրվելու, անգամ կալանք են կիրառելու»:

 

«Փաստ»-ը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը: Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ: Շարժման նույն դեմքերը նաև մասնավոր զրույցներում սպառնացել են՝ առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին, մասնավորապես՝ հիշեցնել պատերազմին նախորդած փուլում նրա իսկ կողմից զիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը կանխվել է դաշտային հրամանատարների կողմից»: