«5 լուր». համառոտ՝ կարևորի մասին 06.02.2019

Armeniadaily.am-ը ներկայացնում է

Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր անցկացրեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 19 հարց. 13-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Օրակարգում էր կառավարության ծրագիրը հաստատելու եւ ԱԺ ուղարկելու հարցը, ինչով պայմանավորված՝ կառավարության նիստի օրը փոխվել էր. փետրվարի 7-ի փոխարեն այն անցկացվում էր այսօր:

Կառավարությունը հաստատեց ծրագիրը, որով առաջնորդվելու է: Ծրագրում, մասնավորապես, նշված է. «Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

– Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը,

– Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը,

– քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը,

– աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով»:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել՝ նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: Հանձնաժողովի նիստում ֆինանսական վերլուծության վարչության պետն ասել է. «Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել և սահմանված ժամկետում տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողով և հետագայում կատարել ճշգրտումներ»,-նշել է պաշտոնյան։

 

«Փետրվարի վերջին Հայաստանի վարչապետի՝ Իրան այցի ընթացքում մեր դիվանագիտությունը պետք է ամեն ջանք գործադրի նաև Իրանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,-նման համոզմունք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում ամենաազդեցիկ ղեկավարների շարքում գտնվող Իրանի հոգևոր առաջնորդի հետ հենց թեկուզ արարողակարգային հանդիպման փաստն ինքնին արդեն «կանաչ լույս» կդիտվի իրանական անխտիր բոլոր մակարդակների կառույցների և պաշտոնյաների համար՝ Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորին խորացնելու առումով։ Ի դեպ, ավելի վաղ իրանագետը խորհուրդ էր տվել, որ վարչապետը հարևան երկիր մեկնի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։ Հիշեցնենք` Հայաստանի վարչապետն Իրան կմեկնի փետրվարի 27-ին։

 

Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը լայն արձագանք է գտել նաև Թուրքիայում: Այդ երկրի լրատվամիջոցները Մակրոնի որոշումը որակել են «սկանդալային», «սադրիչ» և «սենսացիոն», իսկ ցեղասպանություն բառն օգտագործել են չակերտների մեջ: Առաջինը լուրի մասին հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից է եղել: Լրատվամիջոցը թվարկել է եվրոպական այն բոլոր երկրների անունները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ պաշտոնական Անկարան հերքում է ցեղասպանության վարկածն ու շեշտում, որ «1914 – 1921 թվականներին տեղի ունեցած փոխադարձ բախումների ժամանակ» մահացել են նաև բազմաթիվ թուրքեր: Թեմային անդրադարձել են նաև թուրքական «Յենիչաղ», «Աքշամ», «Սթար» պարբերականները, gazeteduvar.com, haberler.com, կայքերն ու այլ լրատվամիջոցներ:


Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական խնդրանքով: Այդ մասին նա հայտնել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին տված հարցազրույցում: Հանդիպման նպատակը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցում Էջմիածնի տեսակետը Թուրքիայի իշխանություններին փոխանցելն էր: «Քանի որ ես պաշտոնավարում եմ Հռոմում, այցելեցի այնտեղի Թուրքիայի դեսպանին ու փոխանցեցի նրան մեր այս ցանկությունը: Դեսպանն այս խնդրանքին շատ դրական արձագանքեց և նշեց, որ կհայտնի այդ մասին արտգործնախարարին: Դրանից հետո նա զանգահարեց ինձ ու տեղեկացրեց, որ նախարարը հանդիպման համար օր է նշանակել», - պատմել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ նշելով, որ Անկարայում տեղի ունեցած հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: «Ես հստակ ընդգծեցի, որ մենք նպատակ չունենք դրսից խնդրին միջամտելու, մենք ցանկանում ենք փոխանցել հարցի վերաբերյալ մեր մտահոգություններն ու եթե կարող ենք ինչ-որ բանով օգնել՝ սիրով կանենք դա: Նախարարն ինքն էլ ասաց, որ խնդիրը ներքին է և որ պետությունը նույնպես ցանկանում է, որ պատրիարքի ընտրությունը կայանա, սակայն պետք է մի փոքր էլ համբերել», - Չավուշօղլուի հետ հանդիպման մանրամասներն է փոխանցել Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ավելի քան 10 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ, նրա փոխարեն պատրիարքի լիազորությունները պետության որոշմամբ ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ որպես պատրիարքի փոխանորդ: Ստամբուլահայ համայնքը, սակայն, երկար տարիներ պահանջում է նոր ընտրությունների անցկացում՝ ցանկանալով անձամբ ընտրել իր հոգևոր առաջնորդին: