Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչքանով է դա իրատեսական, Փաշինյանը պատասխանեց. «Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական»:
ՀՀ վարչապետը նշեց՝ կառավարությունը հույս ունի, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:
«Եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները հայտնի են»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև:
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինի: Շատ լավ կլինի, ու շատ գոհ կլինեմ, եթե կարողանանք դա անել»,- ասաց Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինեն Բադալյանը նշեց, որ լրագրողները հաճախ հարց են ուղղում, թե որքանով է խաղաղության պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ:
Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, որովհետև երբ դա կառավարելի չէ, իր հետ կարող է միայն վնաս բերել»:
0Comments