Հայաստանում սկսվում է մանկական բուժծառայությունների բարեփոխումների գործընթաց: Այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են ոլորտի մասնագետներ, պատասխանատուներ, շահագրգիռ կողմեր:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ բարեփոխումները նախատեսում են իրականացնել մի քանի ուղղություններով: Բարեփոխումների առաջին ուղղությունն առնչվում է ամբուլատոր ծառայություններին:
«Խնդիր է դրված վերազինել ամբուլատոր օղակները: Մասնավորապես, վերազինումը վերաբերում է ինչպես սարք-սարքավորումներով հագեցվածությանը, այնպես էլ մասնագետների վերապատրաստմանը: Սա մի կողմից կնպաստի բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից կօգնի թեթևացնել ստացիոնար ծառայություն իրականացնող բուժհաստատությունների գերծանրաբեռնվածությունը»,- ասաց Նունե Փաշայանը:
Առողջապահության նախարարությունը ներկայացուցիչը նկատեց, որ հատկապես սեզոնային գրիպների, սուր շնչառական վարակների պարագայում մանկական բուժծառայություն իրականացնող հաստատությունները գերծանրաբեռնված են աշխատում: Եղել է օր, որ հիվանդանոցներից մեկը սպասարկել է 150 բուժառուի, որից 15-20 տոկոսն է հոսպիտալացման կարիք ունեցել:
«Այսինքն՝ առաջնային օղակները, ամբուլատորիաները պետք է մնացած դեպքերը սպասարկեին, սակայն ստացվում է, որ մեծամասնությունը ցանկացած խնդրի դեպքում վազում են հիվանդանոցներ, այնինչ, այդպես պետք է չլինի»,- ասաց Նունե Փաշայանը: Մի կողմից պոլիկլինիկաներն են ուղղորդում հիվանդանոց, մյուս կողմից ծնողներն են հակված դիմել հիվանդանոցներին: Նունե Փաշայանի խոսքով, խնդիր է դրված ուժեղացնել պոլիկլինիկաները, որ կամաց-կամաց ձևավորվի առաջին օղակին դիմելու մշակույթը, մարդիկ ավելի շատ վստահեն պոլիկլինիկայի իրենց բժիշկներին:
Պոլիկլինիկաների վերազինումից ու մասնագետների վերապատրաստումից զատ, նախարարությունը նախատեսում է մշակել կոնկրետ չափորոշիչներ, որոնք թույլ կտան առաջնային օղակին զբաղվել նրանով, ինչի համար կոչված են՝ կանխարգելիչ միջոցառումներ, հիվանդությունների թեթև դեպքերի պարագայում բուժման կազմակերպում տնային պայմաններում և այլն: Այսինքն՝ վերանայվելու են հոսպիտալացման ցուցումները:
Փոփոխություններ են նախատեսվում ֆինանսավորման գործընթացում: Նունե Փաշայանը նշեց, որ մանկական բուժծառայություններին ուղղված ընդհանուր ֆինանսավորումից ոչ մի դրամ չի պակասել, պարզապես ներքին վերաբաշխումներ են կատարվել: Մասնավորապես, կպակասեցվի այն դեպքերի ֆինանսավորումը, որոնքպահանջում են նվազ մահճակալային օրեր, այսինքն՝ բուժումը կարճատև կլինի: Դրա փոխարեն գումարը կուղղվի այն ծառայություններին, որոնք առավել ծախսատար են:
Աշխատանքներ են նախատեսվում նաև վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների որակի բարձրացման հետ կապված: Նունե Փաշայանի խոսքով՝ այստեղ անելիքները շատ են: Խնդիրը, հատկապես, սուր է մարզային մակարդակում:
«Եթե Երևանում ունենք և՛ կադրերով, և՛ սարքավորումներով հագեցած խոշոր վերակենդանացման բաժանմունքներ, ապա մարզերից նման բաժանմունք ունենք միայն Գյումրիում: Պլանավորում ենք նախ քարտեզագրել խնդիրները, հասկանալ հագեցվածությունը, անհրաժեշտության դեպքում հագեցնել սարքավորումներով, մշակել ալգորիթմներ հաճախ հանդիպող դեպքերի համար»,- ասաց Նունե Փաշայանը:
0Comments