Այդ հինգ անկլավները 1920-ական թվականների քարտեզներով եղել են Խորհրդային Հայաստանի կազմում, ամբողջ Ղազախի շրջանը՝ ևս, հետևաբար՝ պետք է այս քարտեզները հաշվի առնել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանն չափազանց վտանգավոր համարեց Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հանձնումը Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջած մյուս տարածքին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղին, ապա դա հանձնելու պարագայում վտանգվում է ամբողջ այդ մարզի և Վայոց ձորի անվտանգությունը, և չի բացառվում, որ հաջորդիվ Ադրբեջանը մեզ պարտադրի այլ զիջումներ ևս։
Այդ ստորագրությունը բերելու է Տավուշի, Սյունիքի մարզերի մեկուսացման։ Ադրբեջանի պահանջած 5 անկլավների հետ կապված՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները որևէ անկլավ Ադրբեջանին չզիջելու, կամ բանակցություն վարելու, որ Արծվաշենը փոխանակվի այս անկլավների հետ (այսինքն` հրաժարվի Արծվաշենից այդ 5 անկլավների դիմաց.- Ա.Ս.)։ Եթե Փաշինյանը սա չի կարողանում անել, ապա պետք է գնա, որ այդ գործը գան և անեն կարող ուժերը, որովհետև, եթե Տավուշի մարզի անկլավներն անցան Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները կհասնեն Սևան ու օղակը կսեղմեն Երևանի շուրջ։
Այդ անկլավները ռազմավարական կարևոր բարձունքներ են մեզ համար ու ռազմավարական կարևոր ճանապարհներ՝ դեպի Իրան և Վրաստան։ Ադրբեջանի պահանջած այդ հինգ անկլավները միասին վերցրած՝ իրենց տարածքով շատ ավելի փոքր են, քան Արծվաշենը, այնպես որ, Ադրբեջանին ոչ թե այդ գյուղերն են պետք, այլ Հայաստանի համար կարևոր ճանապարհների ու ռազմավարական բարձունքների վրա վերահսկողություն սահմանելը։ Բացի այդ, Տավուշի մարզի անկլավները տալուց հետո նոր սահման է առաջանալու, և չի բացառվում, որ Ադրբեջանը բարձրացնի թուրք խաղաղապահներին այդ սահմաններին տեղակայելու հարցը, իսկ Հայաստանի չհամաձայնելու դեպքում էլ զիջումներ կորզի՝ սկսած տարածքներից, վերջացրած Հայաստանի ճանապարհներով առանց մաքսատուրքի օգտվելով։
Ժողովուրդը պետք է շատ լավ սա գիտակցի, որ Տավուշի շրջանի գյուղերն Ադրբեջանին տալով՝ մեր սահմաններն էլ ավելի են երկարելու և լրացուցիչ զինվորներ տեղակայելու հարց է առաջանալու։
Խաչատուր Ստեփանյանի փոխանցմամբ՝ քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակ մեկն է՝ հայկական պետականության ոչնչացումը սեփական հայրենիքում, և, բնականաբար, նրանք չեն բավարարվելու պանթուրքիզմի ճանապարհի սեպ համարվող Սյունիքին տիրանալով, հիմա Տավուշը վերցնելով՝ վտանգելու են Հայաստանի հյուսիս-արևելքն ամբողջությամբ և Հայաստան-Վրաստան երկու ճանապարհներից մեկը։
Դրանից հետո ժամանակի ընթացքում ադրբեջանցիները պահանջելու են Սևանա լճի կեսը, հետո՝ մյուս կեսը։ Մենք պարփակվելու ենք Երևանի շուրջ, լավագույն դեպքում՝ կդառնանք սպասարկող քաղաք-պետություն, վատագույն դեպքում՝ կվերանանք կամ կարող ենք փրկություն գտնել, ենթադրենք, Ռուսաստանի կազմում,- ասաց պատմաբանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
0Comments