Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ իջավ Հանրապետության հրապարակ՝ իր աջակիցների հետ զրուցելու

Իրավիճակ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն դուրս եկավ Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքվել էին նրա աջակիցները։

Փաշինյանը կառավարության շենքից դուրս եկավ թիկնազորի ուղեկցությամբ, որոնք շրջապատել էին վարչապետին նրա կարճատև ելույթի ընթացքում։

«Այսօր առավոտից մեր բոլոր հնարավոր ձևերով իրազեկում ենք, որ այս հավաքը տեղի չունենա։ Ես գիտեմ, որ Հայաստանում ձեր նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր, ըստ անհրաժեշտության, կգան հրապարակ։ Ես ուզում եմ նախ ձեր աջակցության համար շնորհակալություն հայտնել, բայց մյուս կողմից ուզում եմ ներողություն խնդրել, ես չեմ եկել այսօր միայն մեկ հայտարարություն անելու։ Նախ խոնարհվում եմ այն տղերքի առաջ, ովքեր առաջնագծից են, խոնարհվում եմ բոլոր զոհերի առաջ, խոնարհվում եմ ծնողների առաջ։ Խնդրում եմ, մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց հավաքը դադարեցնենք։ Առաջինը ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, երկրորդը ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ։ Եկեք այս 2 կետի վրա պայմանավորվենք։ Շատ եմ խնդրում հավաքը դադարեցրեք։ Ես այստեղ չեմ մնալու, որ հավաքը շարունակվելու պատճառ չդառնամ»։

Այս ելույթից հետո Փաշինյանը անվտանգության աշխատակիցներով շրջապատված վերադարձավ կառավարության շենք։

Նշենք, որ օրերս Փաշինյանն ֆեյսբուքյան գրառում էր արել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում՝ ընկալվելով որպես քաղաքացիական բախումների տանող հայտարարություն։

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»,– գրել էր Փաշինյանը։

Նախօրեին Փաշինյանի իշխանությանը սատարող «Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինչպես հայտարարեցին առաջնագծից վերադարձող Կամավորները, Վաղը՝ Նոյեմբերի 18֊ին, ժամը 18։00 տեղի կունենա կամավորների հանդիպում Հանրապետության Հրապարակում։ Չեմ բացառում, որ կլինի նաև հանդիպում ՀՀ Վարչապետի հետ, ինչի մասին օրերս ասաց պ. Նիկոլ Փաշինյանը։

Շատ կարևոր ենք համարում նաև մեր ներկայությունը։

Եւ ուրեմն՝ Վա՛ղը, 18։00 Կառավարության շենքի դիմաց մենք կմիանանք այդ ինքնաբուխ հավաքին։ Կհանդիպենք այնտեղ։

Հ.գ. Սա մենք չենք կազմակերպել, մենք ընդամենը ներկա կլինենք

Հ.հ.գ. Հանդիպման մասին հենց Վարչապետն է ասել։

Սա մեր կազմակերպածը չէ։ Սա հանրահավաք չէ, սա հանդիպում է»։

Ավելի ուշ նա գրել էր, որ հանդիպումը չեղարկվել է։