«Օրվա 2-րդ կեսից մինչև ուշ երեկո չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ»․ Պեսկովը՝ Պուտինի մասին

Մանրամասներ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը երկարատև աշխատանք է նախորդել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: Արդյունքում երեկ երեկոյան տարածվել է նախագահի հայտարարությունը, որում նա կողմերին կոչ է արել մարդասիրական դադարի՝ գերիների փոխանակման և զոհերի տեղափոխման համար կասեցնել կրակը։ Նախագահը նաև կողմերի արտգործնախարարներին Մոսկվա է հրավիրել»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:

Հայտնի է, որ ՌԴ նախագահը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Համապատասխան հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության: