Երրորդ հազարամյակի սահմանագծին աշխարհը դիտեց «Մատրիցա» ֆիլմը, որը վիթխարի ազդեցություն ունեցավ կինոարվեստի վրա, ինչպես նաեւ ճանաչվեց մշակութային ֆենոմեն:
1999 թվականին թողարկված «Մատրիցայի» առաջին ֆիլմը հանդիսատեսին ապշեցրեց տպավորիչ վիզուալ էֆեկտներով եւ գիտական ֆանտաստիկայի մանրամասնված վառ աշխարհով՝ պարուրված ենթատեքստերով եւ փիլիսոփայական խորհրդածություններով:
Այնուհետեւ հաջորդեցին 2 սիքվելները. երկուսն էլ թողարկվեցին 2003 թվականին՝ «Մատրիցա. Վերբեռնում» եւ «Մատրիցա. Հեղափոխություն»:
Համաշխարհային վարձույթում եռաֆիլմի հասույթը կազմեց ավելի քան 1,6 մլրդ դոլար:
Արդեն 2 տարի լուրեր են պտտվում չորրորդ մասի մասին, ընդ որում՝ Warner Bros-ից քանիցս ասել են, որ սիքվելի մշակման վաղ փուլում են:
Եվ ահա, 16 տարի հետո գործարկվում է կուլտային ֆրանշիզի շարունակության արտադրությունը: Եվ այսպես՝ ի՞նչ է մեզ հայտնի «Մատրիցա 4» ապագա ֆիլմի մասին:
Ռեժիսորն է լինելու Լանա Վաչովսկին, որը մասնակցել է առաջին երեք ֆիլմերի ստեղծմանը:
«Շատ կոնցեպցիաներ, որոնք Լիլիի հետ ուսումնասիրել ենք 20 տարի առաջ, հիմա ավելի արդիական են: Ես անչափ ուրախ եմ, որ այդ հերոսները վերադառնում են իմ կյանք եւ շնորհակալ եմ իմ ականավոր ընկերների հետ աշխատելու եւս մեկ հնարավորության համար»,- հայտարարել է Լանա Վաչովսկին:
«Մատրիցայի» հեղինակ եղբայրներ Լարին եւ Էնդրյուն սեռափոխություն են կատարել եւ դարձել Լանա եւ Լիլի Վաչովսկի քույրեր: Պատրաստ է ամուր տղամարդկային թիկունք ապահովելու Գրանտ Հիլը, որը կդառնա կինոնկարի երկրորդ պրոդյուսերը:
Շարունակության ստեղծմամբ կզբաղվեն Warner Bros. Pictures եւ Village Roadshow Pictures ստուդիաները:
«Մենք չափազանց ոգեւորված ենք Լանայի հետ Մատրիցա վերադառնալու հնարավորությամբ: Նա իսկական պայծառատես է, եզակի ու յուրահատուկ ռեժիսոր, եւ մենք անչափ ուրախ ենք, որ նա կլինի «Մատրիցայի» տիեզերքի այս նոր գլխի սցենարիստը, ռեժիսորը եւ պրոդյուսերը»,- նշված է Warner Bros. Picture Group-ի ղեկավար Թոբի Էմմերիխի հայտարարության մեջ:
Հայտնի է դարձել նաեւ, որ չորրորդ սերիայի նկարահանումները պետք է մեկնարկեն 2020 թվականի փետրվարի կեսին եւ կանցկացվեն գերազանցապես Չիկագոյում:
Ֆիլմի վարձույթի ժամանակացույցը դեռեւս հաստատված չէ: Հանդիսատեսն, ամենայն հավանականությամբ, կկարողանա շարունակությունը գնահատել 2021 թվականից ոչ շուտ:
Գլխավոր դերերը կրկին կկատարեն Կիանու Ռիվզը (Նեո) եւ Քերրի-Էնն Մոսը (Թրինիթի):
Իրականում անհասկանալի է, թե ինչպես են պատրաստվում կյանք վերադարձնել երրորդ մասում մահացած Նեոյին եւ Թրինիթիին, բայց Լանա Վաչովսկին մի բան կմտածի:
Առայժմ հայտնի չէ նաեւ շարունակության մեջ Լոուրենս Ֆիշբեռնի (Մորֆեուսի) ճակատագիրը:
Ինչպես եւ սպասվում էր, «Մատրիցա 4»-ի սյուժեի մասին մանրամասներն անչափ քիչ են: Ակնհայտ է, որ պատմությունը պետք է դիտարկի Նեոյի եւ Թրինիթիի վերադարձը եւ հավանաբար, պետք է նպաստի Մեքենաների պատերազմի ավարտից հետո իրական աշխարհի վերականգնմանը: «Մատրիցայի» օրիգինալ եռաֆիլմի ավարտին ասվում է, որ նրանք, ովքեր դեռեւս միացված են Մատրիցային, կազատագրվեն:
Շատերը ենթադրում են, որ «Մատրիցա 4»-ը կարող էր լինել էստաֆետը փոխանցելու ոճով պատմություն. Նեոն եւ Թրինիթին «սանձերը» կփոխանցեն նոր դերասանական կազմի՝ հանդիսատեսին տրամադրելով ապագա սիքվելների:
Ֆիլմն ունի աշխատանքային անվանում՝ «Պաղպաղակ նախագիծ»:
P.S.
Հետաքրքիր է, թե չորրորդ «Մատրիցան», այնուամենայնիվ, ինչպես կընդունվի: Հիշեցնենք, որ առաջին մասը կինոթատրոնները պայթեցրել էր: Նեոն հիասքանչ էր, աշխարհն՝ արտասովոր, արկածները՝ բազմաչափ ու գրավիչ: Արդյոք հաջողված կլինի՞ նախկին վեհությունը «Մատրիցային» վերադարձնելու նոր՝ չորրորդ փորձը: Արժե՞ սպասել, որ շարունակությունը գոնե կմոտենա առաջին մասի փառքին: Տեսնենք:
Նորայր Նազարյան
Աղբյուրը՝ Variety, BBC եւ kinonews.ru
0Comments