Սրտի հատվածի ցավն ամենատարածված խնդիրներից մեկն է, որը ծանոթ է գրեթե բոլորին: Նման ցավերը տարատեսակ են լինում՝ ծակող, ճնշող, այրող, մղկտուն և այլն: Դրանք կարող են ի հայտ գալ մի փոքրիկ հատվածում կամ տարածվել ամբողջ կրծքավանդակի, ուսի, թևի, պարանոցի, ստորին ծնոտի, որովայնի կամ թիակի հատվածում:
Այս ցավերը կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ կամ անգամ մի քանի օր: Դրանց ինտենսիվությունը կարող է փոխվել անգամ ամենաչնչին շարժումից: Երբեմն դրանք առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, իսկ երբեմն էլ պայմանավորված են լինում որևէ սննդամթերքի ընդունմամբ:
Սրտի հատվածի ցավերի պատճառները բազմազան են: Դրանք կարող են պայմանավորված լինել սրտի հիվանդություններով (ստենոկարդիա, սրտամկանի կաթված, բորբոքում և այլն), սակայն հաճախ ցավի պատճառը բնավ սիրտամկանը չի լինում (նևրոզ, կողերի կամ ողնաշարի միջին հատվածի հիվանդություններ, աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ և այլն):
Որոնք են սրտի ցավերի առաջացման պատճառները
Սրտի ցավերն, ըստ իրենց ծագման, կարելի է բաժանել երկու խմբի.
· Անգինոզ ցավեր, որոնք առաջանում են իշեմիկ հիվանդության տարբեր փուլերում:
· Կարդիալգիաներ, որոնք պայմանավորված են սրտի բորբոքային հիվանդություններով, բնածին հիվանդութուններով, սրտի արատներով կամ անոթային վեգետատիվ դիստոնիայով:
Անգինոզ ցավերն առաջանում են արյան հոսքի բարելավման անհրաժեշտության դեպքում, որը պայմանավորված է լինում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ կամ հուզական լարվածությամբ: Այս ցավից կարելի է արագ ազատվել նիտրոգլիցերինի միջոցով: Իշեմիկ ցավերը սովորաբար լինում են ճնշող ու այրող: Դրանք կարող են տարածվել ամբողջ կրծքավանդակի, ձախ ուսի, թիակի ու ստորին ծնոտի հատվածում և հաճախ ուղեկցվում են հևոցով: Կրծքավանդակի ձախ հատվածում ուժգին, այրող ու ճնշող ցավը սրտամկանի կաթվածի հիմնական ախտանշաններից մեկն է: Ընդ որում՝ այս ցավի դեպքում նիտրոգլիցերինն արդեն չի օգնի:
Կարդիալգիաներն առաջանում են սրտի ռևմատիկ հիվանդությունների, միոկարդիտների և սրտի արտաքին թաղանքի բորբոքային հիվանդությունների դեպքում և սովորաբար լինում են երկարատև, ծակող ու մղկտուն: Այս ցավն ուժեղանում է հազալիս կամ շնչելիս: Նման ցավից հնարավոր չէ ազատվել նիտրոգլիցերինի միջոցով, սակայն կարելի է այն մեղմել ցավազրկող դեղամիջոցներով:
Շատ հաճախ սրտի ցավը կապված չի լինում սրտամկանի հետ: Եթե ցավի ինտենսիվությունը փոխվում է շարժվելիս կամ շնչելիս, իսկ նիտրոգլիցերինը կամ վալիդոլն անօգուտ են լինում, ապա, ամենայն հավանականությամբ, ցավը պայմանավորված է լինում կրծքային ռադիկուլիտով կամ կողային աճառների հիվանդություններով:
Կողոսկրերի հատվածի ուժգին ցավը կարող է լինել գոտեորքինի (опоясывающий лишай) առաջին ախտանշանը, իսկ կարճատև կամ պարբերաբար առաջացող սրտի ցավերը սովորաբար առաջանում են նևրոզի ժամանակ:
Սթրեսն ու դեպրեսիան դրսևորվում են պարանոցի և ուսի ցավով: Շատ հաճախ ցավը կապված է լինում միայն մկանների հետ:
Հևոցնը և սեղմող ու ծակող ցավերը կարող են պայմանավորված լինել աղիների ուռչածությամբ, որոնք ճնշում են գործադրում սրտամկանի վրա՝ խանգարելով դրա աշխատանքը:
Եթե ցավն առաջանում է որևէ սննդամթերք ուտելու կամ ոչինչ չուտելու հետևանքով, ապա պատճառը ստամոքսի կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններն են: Առհասարակ՝ սրտի ցավերը կարող են պայմանավորված լինել բազմաթիվ այլ խնդիրներով, այդ թվում նաև օստեոխոնդրոզով, ողնաշարի հետ կապված խնդիրներով և այլն:
Ինչպես պարզել սրտի ցավի պատճառն ու ինչ անել
Ցավի առաջացման պատճառը պարզելու համար հարկավոր է բուժզննում անցնել, որը ներառում է էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), սթրես-ԷՍԳ, ձայնասրտագրություն (ֆոնոկարդիոգրաֆիա), էխոսրտագրություն, կորոնարային անգիոգրաֆիա, սրտամկանի սցինտիգրաֆիա, ողնաշարի ռենտգենային հետազոտություն, համակարգչային ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Երբեմն լինում է նաև նյարդաբանի, օրթոպեդի, գաստրոէնտերոլագի և հոգեբանի խորհրդատվության անհրաժեշտություն:
Հարկ է նշել, որ եթե հիվանդը շատ հստակ ու վառ նկարագրում է սրտի հատվածի ցավն ու հաճախ խորհրդակցում բժշկի հետ, ապա ամենայն հավանականությամբ այդ ցավը սրտամկանի հետ կապ չունի: Եթե հիվանդը կարծում է, որ ցավն ամեն անգամ տարբեր տևողություն ու ինտենսիվություն է ունենում և ուղեկցվում է ուժգին սրտխփոցով, ապա մասնագետները վստահ են լինում, որ հիվանդության պատճառը բնավ սրտամկանի հետ կապված խնդիրները չեն:
Եթե հիվանդը վատ է նկարագրում ցավը, սակայն հստակ գիտի դրա բնույթը, ապա դա կարող է վկայել սրտի լուրջ հիվանդության մասին: Սակայն, անկախ ցավի առաջացման պատճառից, ցանկացած ախտանշանի դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին:
Բուժզննման շնորհիվ սրտաբանը հստակ կախտորոշի հիվանդությունը, ինչը թույլ կտա ճիշտ բուժում նշանակել: Երբեմն խնդրից ազատվելու համար բավական է լինում մանուալ թերապիան, սակայն որոշ դեպքերում կարող է լինել անգամ վիրահատական միջամտության կարիք:
Նյութի աղբյուրը՝ medportal.ru, գրում է tert.am:
0Comments