Խնդիր էր դրված մինչև 2019թ․ հոկտեմբեր ամիսը վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջերս շատ էր հանրային հարթակ նետվում այն փաստարկը, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված աղմուկը կեղծ օրակարգ է:

Մինչդեռ ստորև նշված փաթեթի նյութերն ապացուցում են, որ դեռևս 2019 թվականի մայիսից ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փաթեթի նախապատրաստման աշխատանքներին:

Կոնվենցիայի առնչությամբ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված եզրակացության մեջ նշվել է՝ «2019 թվականին Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է ԵԽ կոնվենցիաների ստորագրման և/կամ վավերագրերի հանձնման երկու հանդիսավոր արարողություն՝ ս.թ. մայիսի 16-17-ին Հելսինկիում կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովի և ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է այս ժամկետներից մեկի ընթացքում իրականացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերագրերի հանձնումը։»:

ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության համաձայն՝ «Կոնվենցիան պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաև օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:․․»:

Փաթեթում առկա է նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի եզրափակիչ մասի համաձայն պետք է՝

«1. Հավանություն տալ 2018 թվականի հունվարի 18-ին Ստամբուլում ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:․․․:»:

Այսինքն խնդիր էր դրված մինչև 2019թ․ հոկտեմբեր ամիսը վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որի նախապատրաստական աշխատանքները կատարվում էին անաղմուկ:

Հետևաբար այս հարցը հանրային քննարկման թափանցիկ դաշտ տանող մտահոգ քաղաքացիներին չի կարելի մեղադրել կեղծ օրակարգ ձևավորելու մեջ:

ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան