Յոթ ուժերի հայտարարությունը շատ ավելի մեղմ էր, քան կարելի էր առհասարակ պատկերացնել: Դատական իշխանությունը ժողովրդավարական, իրավական պետության զարգացման հարցում ունի վճռական նշանակություն, և որևէ ձևով այն չի կարող քաղաքական ազդեցության ներքո գտնվել գործադիր և օրենսդիր իշխանությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», ՌԱԿ կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ դատական ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Այն սխալները, որ անցյալում եղել են, ներկա իշխանությունները, նրան սատարող անձիք փորձում են սևով ներկայացնել, բայց մյուս կողմից, երբ իրենց է վերաբերում գնահատականը, հանկարծ սկսում են չքմեղանալ, սկսում են մեղադրել, թե 7 ուժերի հայտարարությունը շատ խիստ է, տեղին չէ: Այս փաստաթղթի նախաբանում հստակ նշվում է, թե որքան կարևոր է դատական իշխանությունը պետության, իրավական անվտանգության գործում: Երկրորդ հատվածում գնահատական է տրվում, դատապարտվում են այն գործողությունները, որոնք ուղղված են դատական իշխանությունը նսեմացնելուն, քաղաքական իշխանության կողմից յուրացնելուն: Երրորդ հատվածում կոնկրետ պահանջներ են՝ ուղղված քաղաքական մեծամասնությանը, նախագահին և կոչ նաև հանրությանը, այն ուժերին, ովքեր կարևորում են դատական համակարգի անկախությունը»,- մանրամասնեց Մինասյանը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջադրում են բնականոն բարեփոխումների օրակարգ, որին ցանկացողները կարող են միանալ: Նա վստահեցրեց, որ հայտարարության կուռատորը ՀՅԴ-ն չէ՝ յոթ ուժերի համատեղ աշխատանքի արդյունք է. քննարկումների ընթացքում եղել են նաև ավելի կոպիտ գնահատականներ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներգրավմանը, ապա շեշտեց, որ ԲՀԿ-ի հետ հանդիպել են, ԼՀԿ-ի հետ նպատակահարմար չեն գտել այս փուլում հանդիպել: Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն հանուն Ռոբերտ Քոչարյանի ռևանշի փորձ չի կատարում:
«Ռևանշի փորձի մասին մեղադրանքն, առնվազն, ծիծաղելի է, որովհետև նախ՝ մենք ասել ենք, անցյալին վերադարձ չկա, երկրորդ՝ ՀՀ-ում ընթացող բազմաթիվ դատական գործերի վերաբերյալ՝ ներառյալ երկրորդ նախագահի, հստակ արտահայտել ենք, որ մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն իրավական կարգի ապահովումը և արդարադատության հիմնարար սկզբունքները: Ներկայացնում եք 10 տարի ՀՀ նախագահի պաշտոն ունեցող մարդուն և որակում եք, որ դա որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Շատ կարևոր է, որ միջազգային հանրության մոտ չստեղծվի տպավորություն, որ սա քաղաքական հետապնդում է, վենդետա է»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք անտառահատության հետ կապված գործերով ԱԱԾ-ն կարող է նաև դաշնակցականների հետևից գնալ, քանի որ անտառտնտեսության ոլորտում, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում, առանցքային դաշնակցական պաշտոնյաներ են եղել, ինքն էլ ժամանակին բնապահպանության նախարար էր, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ ոլորտում հանցավոր խումբ կա. այդ առումով ԱԱԾ-ի գործողությունները ճիշտ է համարում, բայց այդ հանցախմբի, մաֆիոզ խմբավորումների մեջ ՀՅԴ-ականներ չկան:
«Դաշնակցական մեր ընկերներին, ովքեր տարբեր ժամանակահատվածում զբաղեցրել են պաշտոններ, որևէ ձևով կուսակցությունը չի հովանավորել: Կուսակցության մշտական պահանջը եղել է, որ լինեն ազնիվ, նվիրված: Ես բացառում եմ, որևէ կուսակցական ընկեր փորձ արած լինի դիրքն օգտագործի՝ այն հանգամանքից ելնելով, որ ինքը կուսակցության անդամ է. այդ ներքին զսպվածությունը, կարգապահությունը մեր կուսակցության մեջ շատ կարևոր է»,- ընդգծեց նա:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր և այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի միջև կար մոտեցումների հստակ տարանջատում, ինքը դեմ է եղել շահագործման այն մեթոդներին, որ «ամեն ինչ փող է»: Իր համար կարևորը եղել է շրջակա միջավայրի պահպանումը, որը հենց արժեք բերողն է: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ոլորտում կարևոր է այլընտրանքային աշխատանքի ապահովումը, և այն ժամանակ միջազգային դոնորների հետ ծրագրերի քննարկումներ եղել են:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ շրջակա միջավայրի պահպանումը պիտի լինի կայուն և սկզբունքային՝ բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով և չգերշահագործելով, պաշտամունքի առարկա չդարձնելով:
«Համոզված եղեք՝ եթե որևէ ձևով ես զգամ, որ ոլորտում վարած քաղաքականության մասով հետապնդումներ են սկսվում, որ ես կբնութագրեմ որպես քաղաքական հետապնդում, (առնվազն իմ մասով վստահ եմ և վստահ եմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կառավարման ժամանակահատվածում իմ ամբողջական աջակցությունն են ստացել), ես հանդես կգամ հայտարարություններով: Որովհետև ես զգում եմ, որ առանձին դրսևորումներով՝ սկսած Վերահսկիչ պալատից, վերջացրած առանձին մարդկանց հայտարարություններով, փորձ է արվում ազնիվ, անկեղծ աշխատանքն ինչ-որ մանիպուլյատիվ մեթոդներով վերածել տարբեր շահերի բախման»,- հայտարարեց նա:
Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ ասվածը վերաբերում է ընդհանուր շրջակա միջավայրի պահպանմանը:
«Ես կարծում եմ, որ այն թիմը, որի հետ ես աշխատել եմ, որին ես վստահել եմ, այդ թիմի նկատմամբ կա թիրախավորում: Հատկապես Սևանի մասով զգուշացնում եմ, որ խիստ պատիժ պետք է կրեն նրանք, ովքեր Սևանի հերն անիծել են»,- ընդգծեց նա:
0Comments