Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը:
Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաեւ մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:
Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհի տարբեր եզերքների մեր հայրենակիցներին:
Երկուստեք կարեւորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված եւ կենտրոնացված բնույթը:
0Comments