2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 10-ը արձանագրվել է հանրակրթական դպրոցներում ուսուցիչների կողմից աշակերտների նկատմամբ կիրառված բռնության 21 դեպք։ Այս մասին news.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։
«2022 թվականին արձանագրվել է 3 դեպք, 2023 թվականին՝ 8 դեպք, 2024 թվականին 10 դեպք։ 2024 թվականին ևս մեկ դեպք արձանագրվել է հանրակրթական դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ կատարած անառակաբարո գործողությունների վերաբերյալ»,–հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Հարցին, թե մանկապարտեզներում դայակների կողմից երեխաների նկատմամբ բռնության քանի՞ դեպք է արձանագրվել, պատասխանեցին.
«2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 10-ը արձանագրվել է բռնության 9 դեպք, որոնցից 2–ը՝ 2022 թվականին, 3-ը 2023 թվականին, 4-ը՝ 2024 թվականին»։
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դեպքերի զգալի մասի պարագայում գործադրված բռնությունն արտահայտվել է հարվածելով կամ ծեծելով։
«Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում կամ իրականացվել է նախաքննություն՝ դրանից բխող ապացուցողական և այլ վարութային գործողությունների կատարմամբ։ Մեկ մանկապարտեզի գործունեություն կասեցվել է»,–հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
0Comments