Նոր ընդդիմության ձեւավորման հարցում մեծ դերակատարում կարող են ունենալ նաեւ այն ֆինանսական ռեսուրսները, որոնց տիրապետում են նախորդ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած նոր հզոր ընդդիմադիր ուժի ձեւավորմանը, որը մարտահրավեր կնետի Հայաստանի նոր իշխանություններին:
Պատասխանելով հարցին՝ հնարավոր է վերջին շրջանում ՀՀԿ-ի ակտիվությունը կապ ունի նոր ընդդիմության ձեւավորման հետ, Մալխասյանն ասաց․«Հանրապետական կուսակցությունը իշխանությունը կորցնելուց հետո գրեթե միշտ ակտիվ է եղել, գոնե առանձին ներկայացուցիչներ միշտ խոսել ու քննադատել են գործող իշխանություններին։ Անձամբ ես կարծում եմ, որ լռության որոշակի պաուզան կարող էր անգամ իրենց օգտին խոսել։ Այսինքն հենց սկզբից ՀՀԿ-ն իրեն դիրքավորել է որպես ընդդիմադիր կուսակցություն, սակայն մինչ այժմ չի ստացվել ուժային կենտրոն դառնալ ընդդիմադիր դաշտում»։
Քաղաքագետը նշեց, որ երբեմնի իշխող կուսակցության վարկանիշը դեռ ցածր է հանրության շրջանում։ Նրա խոսքով, այժմ ընդդիմադիր դաշտում մեծ վակուում կա, ճիշտ է, կան ընդդիմադիր ուժեր ու գործիչներ, սակայն դրանք ամբողջությամբ այդ դաշտը չեն լցնում։
Մալխասյանը ընդգծեց, որ ինչքան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գործող իշխանությունների վարկանիշը անկում է ապրում, այդքան ընդդիմադիր գործիչների խոսքը լսելի ու ընդունելի է դառնում հանրության կողմից։
«Արդյո՞ք գործող իշխանության վարկանիշի անկումը ավտոմատ բարձրացնում է նախորդ իշխանությունների ղեկավար կազմի վարկանիշը։ Կարծում եմ՝ ոչ»,-ասաց Մալխասյանը։
Նա նշեց, որ դա պայմանավորված է մի քանի գործոնով․ նախ շատ կարճ ժամանակ է անցել իշխանափոխությունից հետո, մարդիկ հակված են ժամանակ տալ Փաշինյանի իշխանությանը՝ խոստումները կատարելու առումով և դեռ սպասում են։ Երկրորդ՝ հանրությունը հոգեբանորեն ու էմոցիոնալ մակարդակում դեռևս նախորդներին իշխանություն է ընկալում ու իր ատելությունն ու դժգոհությունները ուղղորդում է նախորդ իշխանությունների հասցեին և առկա սոցիալ-տնտեսական խնդիրները վերագրում նախորդից մնացած ժառանգությանը։
«Մեկ կարևոր գործոն էլ կա՝ նախորդ իշխանությունը դեռևս չի ցանկանում խոսել իր թույլ տված սխալների մասին՝ համարում է, որ ամեն ինչ ճիշտ է արել։ Կարծում եմ՝ սխալների մասին չխոսելը նախորդների խոսքը քիչ լսելի է դարձնում։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ կարելի է ասել, որ նախորդ իշխանությունների ղեկավար կազմով ղեկավարվող ընդդիմադիր միավորումը, գոնե այս փուլում, այդքան էլ խանդավառությամբ չի ընդունվելու հանրության կողմից»,-ասաց քաղաքագետը։
Նա կարծում է՝ ընդդիմադիր միավորման մեջ նոր ու թարմ դեմքերի ներգրավվումը շատ ավելի արդյունավետ կլինի ու ընդդիմության ձայնը ավելի լսելի կդարձնի հանրության շրջանում։
Մալխասյանը նաև չբացառեց, որ կարող են ընդդիմադիր մի քանի կենտրոններ ձևավորվել։
«Այդ առումով ևս պոտենցիալ կա, որտեղ կարող են տեղավորվել այն գործիչներն ու ուժերը, որոնք նախորդ իշխանության հետ կապ չեն ունեցել, սակայն չեն ընդունում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այս տարբերակը ևս զարգացման բավականին իրատեսական հեռանկար ունի»,-ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ նոր ընդդիմության ձևավորումը ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել իշխանության համար, Մալխասյանն ասաց՝ հանրության կողմից ընդունվող ու բարձր վարկանիշ ունեցող ընդդիմությունը առնվազն կարող է զգաստացնել ու սթափեցնել իրենց բարձր վարկանիշից արբեցած գործող իշխանություններին։
«Այս փուլում նոր իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների հեռանկար դժվար է տեսել։ Սակայն ինչպես ցույց տվեց 2018թ․ պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Ինստիտուցիոնալ, հզոր կադրային բանկով ընդդիմություն ունենալը ազգային անվտանգության խնդիր է»,-ասաց քաղաքագետը։
Մալխասյանը կարծում է, որ նոր ձևավորվող ընդդիմության համար 4 տարին կարճ ժամանակ է հերթական ընտրություններին պատրաստվելու ու իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնելու համար։
Անդրադառնալով հարցին՝ կարե՞լ է ենթադրել, որ Քոչարյանը վստահ է՝ ազատության մեջ կլինի, այդ պատճառով էլ չի կասկածում, որ կկարողանա մասնակցել քաղաքական պրոցեսներին, Մալխասյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը կներգրավվի ընդդիմադիր որևէ միավորման մեջ՝ անկախ նրանից կլինի ազատության մեջ, թե ոչ։
«Դժվար է ասել, թե երկրորդ նախագահը ինչ ձևաչափով կմասնակցի, կհավակնի նորից իշխանության գալ, թե ոչ։ Առաջիկայում առավել հստակ կերևա։ Իսկ ինչ վերաբերվում է ազատության մեջ հայտնվելու վստահությանը, ապա Քոչարյանը հենց սկզբից էլ վստահ է եղել ու բազմիցս արտահայտվել, որ իր՝ անազատության մեջ գտնվելը երկար չի տևելու»,-ասաց քաղաքագետը։
0Comments