Զելենսկին հավանական է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ

Զելենսկին հայտարարել է, որ չի մտածում այն մասին, թե բանավեճերի արդյունքներն ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի: Այդ մասին նա ասել է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին:

«Հավանաբար, ես չգիտեմ»,-պատասխանել է նա այն պնդմանը, թե «ապրիլի19-ին կարող են բանավեճեր անցկացվել»: Զելենսկին հայտարարել է, որ չի մտածում այն մասին, թե բանավեճերի արդյունքներն ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա: «Ուկրաինական ժողովուրդը պետք է կարծիք հայտնի: Անկեղծ ասած, ես այդ մասին չեմ մտածում: Դա մարդկանց ընտրությունն է»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ թեկնածուն ընդգծել է, թե կարեւոր է համարում ոչ թե խոսքը, այլ արարքները:

«Բանավեճերում մենք պարզապես կտեսնենք երկու մարդու: Այն բանից հետո, ինչ արվել է այս հինգ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ կարող եմ ընդհանրապես լռել: Ես պետք է հաղթեմ, որպեսզի շանս տամ երկրին: Եթե ես գլուխ չհանեմ այդ հնարավորությունից, ես ատամներով (նախագահի պաշտոնը) չեմ բռնի»,-ասել է Զելենսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: