Հայաստանը պետք է գիտակցի, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը․ Ամիրբեկով

Մանրամասներ
ամիրբեկով

Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։

Այս մասին արգենտինական Perfil հրատարակությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանին խաղաղության համաձայնության գնալու դրդող գործոններից մեկը գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը», – Ամիրբեկովի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի խոսքով, մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար:

«Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, հրաժարվի մեր երկրի նկատմամբ «տարածքային հավակնություններից» և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,-ասել Է Ամիրբեկովը։