Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված տվյալներին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար և ոչ էլ 500 միլիարդ դոլար: Այդ գումարի երկու երրորդը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, և այդ գումարի երկու երրորդն ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները», – ասել է նա ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։
Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևն ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ «ուղղակի ֆինանսական օգնություն»:
Գերմանիայի Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան 2022 թ. հունվարի 24-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ն ԱՄՆ-ից ստացել է 114,2 միլիարդ եվրո (ավելի քան 123 միլիարդ դոլար) օգնություն, իսկ Եվրոպան տրամադրել է 132,3 միլիարդ եվրոյի (ավելի քան 143 միլիարդ դոլար) օգնություն:
0Comments