ԱՄՆ-ից ստացված զենքի և տեխնիկայի պաշարները Ուկրաինային կբավականացնեն «երկու-երեք ամիս»: Այս մասին Financial Times-ին հայտնել է ուկրաինական հետախուզությունում մի բարձրաստիճան աղբյուր։
Սա ավելի քիչ է, քան ասում էին այլ լրատվամիջոցների աղբյուրները, ըստ որոնց ամերիկյան զենքն Ուկրաինային կբավականացնի առնվազն վեց ամիս։
«Սրանից հետո մեզ համար շատ դժվար կլինի։ Դա չի լինի լիակատար կոլապս, բայց մենք ստիպված կլինենք ավելի արագ նահանջել», – ասել է FT-ի աղբյուրը։
«Քարնեգի» հիմնադրամի ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանը նույնպես պարբերականին ասել է, որ «մենք կսկսենք խոշոր հետևանքները տեսնել երկու ամսից»:
«Եվ առաջին հերթին դրանք կապված կլինեն ճշգրիտ հարվածներ հասցնելու Ուկրաինայի կարողության հետ», – հավելել է Քոֆմանը:
Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ ուկրաինացի ռազմական վերլուծաբան Պավել Նարոժնիի՝ խոսքը HIMARS համակարգի մասին է, որին Ուկրաինայում իրական փոխարինող չկա։ Ուկրաինան դեռևս կունենա բրիտանական և ֆրանսիական «Storm Shadow/SCALP» թևավոր հրթիռները, սակայն դրանք ավելի դանդաղ են ու հեշտ խոցելի, հավելել է Նարոժնին:
Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնության դադարեցման մասին հրապարակումներից հետո Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ իր երկիրը կանի հնարավոր ամեն բան ԱՄՆ-ի հետ կապերը պահպանելու համար։
0Comments