Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը վերահաստատում է ԵԱՀԿ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այդ մասին Զբիգնև Ռաուն հայտարարեց Երևանում՝ ամփոփելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները:
«Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության վիճակը մնում է շատ փխրուն և անկայուն: Սա ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալներին», – նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Ռաուի խոսքով՝ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության դյուրացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Իրական երկխոսությունը, ըստ նրա, չափազանց կարևոր է կոնֆլիկտային լարվածության թուլացման և վստահության առաջխաղացման համար:
«Մենք վճռականորեն ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար: Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել մասնավորապես հրատապ հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են մնացյալ գերիների ազատումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը», – հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Բարձրաստիճան հյուրը խոսեց նաև ԵԱՀԿ-Հայաստան փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ կազմակերպությունն ու Հայաստանը երկարաժամկետ համագործակցություն ունեն՝ հատկապես Հայաստանի բարեփոխումներին և Հայաստանի համագործակցության ծրագրին ԵԱՀԿ աջակցությամբ:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նոր ծրագրեր մշակել նրա հետ անվտանգության երեք հարթություններում: Ընդլայնված տարածաշրջանում զարգացող իրավիճակը պահանջում է ակտիվորեն անդրադառնալ երկկողմ և տարածաշրջանային նախաձեռնություններին: Սույնով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ տարածաշրջանում ամուր կայունության և հաշտեցման հաստատմանն ուղղված տևական ջանքերի և ներգրավվածության համար», – հավելեց Զբիգնև Ռաուն:
Մինչ այդ տարածաշրջանային հիմնախնդիրների ամբողջ համալիրի մասին խոսել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երևանը ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում:
2022 թ. ապրիլի 1-ին մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես են եկել հայտարարություններով:
0Comments