Ապրիլի 21-ի գիշերը՝ Զատկի զինադադարի ավարտից անմիջապես հետո, Ռուսաստանը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով գրոհել է Ուկրաինան, հայտնել է Ուկրաինայի ՌՕՈւ-ն։ Տագնապ է հայտարարվել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում։
Ուկրաինական բանակը նաեւ զգուշացրել է ռուսական ավիացիայի կողմից ռումբերի արձակման եւ Սումիի եւ Խարկովի մարզերի թիրախներին հրթիռային հարվածների սպառնալիքի մասին։ Նիկոլաեւը հրթիռակոծվել է։ Քաղաքապետ Ալեքսանդր Սենկեւիչի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, եւ ավերածություններ չկան։ Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Չերկասիում, Խերսոնում եւ Օդեսայի մարզում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինը միակողմանի կարգով հայտարարել է Զատկի առիթով հրադադարի մասին, որը պետք է գործեր ապրիլի 19-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18.00-ից մինչեւ ապրիլի 21-ի կեսգիշեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է աջակցել հրադադարին։ Ավելի ուշ նա նշել է, որ Ռուսաստանը հրադադարը խախտել է գրեթե երեք հազար անգամ բոլոր հիմնական ուղղություններում, սակայն քաղաքացիական օբյեկտների վրա գրոհներ չեն եղել։
«Սա լռության ձեւաչափն է, որը ձեռք է բերվել, եւ որն ամենահեշտն է շարունակել: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օր երկարաձգման հնարավորությամբ զերծ մնալ հեռահար անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է Զելենսկին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հրադադարի ավարտից հետո Ուկրաինան սիմետրիկ կպատասխանի Ռուսաստանի գործողություններին։
«Մեր հարվածները կծառայեն որպես պաշտպանություն ռուսական հարձակումներից։ «Գործողությունները միշտ խոսքերից ավելի պերճախոս են», - նշել է Ուկրաինայի նախագահը։
0Comments