Տարբեր շերտերի թուրք պաշտոնյաները շարունակում են պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Այս միտքը հերթական անգամ հնչեցրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով գլխավոր խորհրդական Յակուբ Սեֆերը։
«Այժմ ամենակարևոր հարցը Զանգեզուրի միջանցքի բացումն է»,-ասել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ միջանցքի բացումը մեծ ազդեցություն կունենա տարանցիկ երթևեկության և առևտրային հարաբերությունների ընդլայնման վրա։
«Այս առումով Ալաթի տնտեսական գոտին շատ կարևոր է, և տարածաշրջանը կդառնա լոգիստիկ հանգույց: Սակայն, միջանցքի երկայնքով նավահանգստային ենթակառուցվածքները պետք է ուժեղացվեն Ղազախստանում և Թուրքմենստանում: Հաջորդ հարցն Ալյաթ նավահանգստում Ro-Ro նավատորմի թարմացումն է։ Այս նավերը, որոնք ներկայումս շահագործվում են, շատ հին են», - ավելացրել է Յակուբ Սեֆերը:
Ավելի վաղ, նույն միտքը հնչեցրել էր Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը։
Հատկանշական է, որ բոլոր դեպքերում Թուրքիան ամբողջությամբ անտեսում է Հայաստանի «միջանցքի» տարածքային պատկանելությունը։ Ոչ մի դեպքում Հայաստանի մասին ընդհանրապես հիշատակում չկա։
0Comments