Ազատություն հայ պատանդներին․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

Մանրամասներ
Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ադրբեջանում 16 հայ պատանդների դատավարությանն ընդառաջ դիմել է միջազգային կազմակերպություններին։

«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է ֆուտբոլիստը «Ինստագրամում»։

Մխիթարյանը նշել է Եվրամիությանը, Ժնևի UN Watch ոչ պետական կազմակերպությանը, Human rights watch–ին, UNESCO–ին և մի շարք այլ կազմակերպությունների՝ այդպիսով հերթական անգամ գրավելով նրանց ուշադրությունը խնդրի վրա։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։

Հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվելու է Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։