Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված դեռահասի ծնողները կվտարվեն Ռուսաստանից՝ կեցության ռեժիմը խախտելու համար, РИА Новости-ին հայտնել են Կուբանի դատարանների համատեղ մամուլի ծառայությունից։
«Դատարանը որոշել է երկուսին էլ մեղավոր ճանաչել և ենթարկել վարչական տույժի՝ 2000 ռուբլու չափով տուգանքի՝ Ռուսաստանից վարչական հարկադիր արտաքսմամբ, օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման վայրում նախնական տեղավորմամբ»,- ասվում է հաղորդման մեջ։
Ճշտվում է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։
Ըստ իշխանությունների տվյալների, դեկտեմբերի 6-ի երեկոյան 94-րդ դպրոցի մասնաճյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում երկու դեռահաս է դանակահարվել։ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի վկայությամբ, չորս երեխա հոսպիտալացվել է։ Քննիչները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության հատկանիշներով։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել են մարզային օպերատիվ շտաբից, բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ամբուլատոր բուժման։
Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականին ձերբակալել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելքը․ նրան արգելված է դպրոց հաճախել կամ օգտվել ինտերնետից։
«(Նրա ծնողների նկատմամբ - խմբ.) դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը (Ռուսաստանի Դաշնություն մուտքի և գտնվելու կանոնների խախտում - խմբ.)», - ավելի վաղ հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նրանք Կուբան են եկել Հայաստանից։
Սույն հոդվածի խախտումը կարող է ենթադրել մինչև 5 հազար ռուբլի վարչական տուգանքի նշանակում՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններից վարչական վտարմամբ:
Դպրոցում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանի դատախազությունը ստուգումներ է սկսել։
0Comments