Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: «Արդեն ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: Մասնավորապես, կարծում եմ, որ դեռևս քննարկման հարց է համայնքների խոշորացումը շարունակելու, որոշակի բանաձևով ի լրումն հասցնելու հարցը, որն իհարկե որոշակի քննարկումների փուլով պիտի անցնի:
Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ սա մի հարց է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ պետք է անպայման քննարկել, քանի որ խնդիրը միայն քաղաքական քննադատությունը չէ, այլ նաև այն իրողությունը, որ կա այսօր այդ համայնքներում:
0Comments