Կին ճանապարհորդների համար հինգ ամենաանվտանգ երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան եւ Գերմանիան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Aviasales-ին։
Սերվիսի փորձագետները 35 հազար աղջիկների շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, որ նրանց կեսը կյանքում գոնե մեկ անգամ միայնակ է ճամփորդել։ Մասնագետներն իմացել են նաեւ, թե որ երկրներում են միայնակ ճանապարհորդուհիներն իրենց առավել անվտանգ զգացել եւ ուր խորհուրդ կտային մեկնել ուրիշներին։
Հարցվածների մեծ մասը նշել է ռուսաստանյան Սոչի եւ Սիմֆերոպոլ հանգստավայրերը, ինչպես նաեւ Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը։ Աղջիկները նման ընտրությունը բացատրում են նրանով, որ վախենում են լեզվի խնդրից եւ դրա համար չեն նախընտրում մեկնել արտասահման։
Երկրորդ տեղում Թուրքիան է։ Շատ հարցվողներ նշել են, որ մի քանի անգամ ինքնուրույն մեկնել են Անթալիա եւ գոհ մնացել նրա պատմական մասից։ Հարցվածներից ոչ մեկը չի դժգոհել խնդիրներից։
Անվտանգ երկրների հնգյակում են նաեւ Իտալիան (Միլան, Հռոմ, Վենետիկ), Իսպանիան (Մադրիդ, Բարսելոնա) եւ Գերմանիան (Բեռլին, Մյունխեն)։
Վեցերորդ տեղում Վրաստանն է, որտեղի համար, ինչպես նշում են միայնակ ճանապարհորդուհիները, հեշտ է գնել էժան ավիատոմսեր վերջին պահին, եւ վիզա էլ պետք չէ։
Յոթերորդ տեղում Կիպրոսն է, որտեղ ռուսաստանցիների համար գործում է մուտքի պարզեցված ռեժիմ. վիզան ձեւակերպվում է անվճար եւ ընդամենը մեկ օրում։ Մի աղջիկ խոստովանել է, որ պատրաստ է «հարյուր անգամ հանգիստն անցկացնել Այա Նապեում»։
Ութերորդ տեղում Բրազիլիան է. աղջիկներին չեն վախեցնում հետնախորշերի մասին պատմությունները։ Շատերը գալիս են այստեղ, որպեսզի մասնակցեն կառնավալներին։ Մի զբոսաշրջուհի պատմել է, որ այստեղ գտել է իր սերը եւ հիմա ճամփորդում է սիրեցյալի հետ։
Նախավերջին տեղում Ճապոնիան է։ Դա «շատ հանգիստ երկիր է միայնակ աղջիկների համար»,- նշել է զբոսաշրջուհիներից մեկը։ Տասնյակը եզրափակում է Ֆինլանդիան։
0Comments