Իսրայելի քաղաքական գործիչները շաբաթ երեկոյան իրենց հռետորաբանությունն ուղղել են Իրանի դեմ՝ խոստանալով, որ Թեհրանը «բարձր գին կվճարի» վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա լիբանանյան «Հեզբոլլահի» անօդաչուի հարվածի համար, գրում է Times of Israel-ը։
Շաբաթ առավոտյան երեք անօդաչու է արձակվել Լիբանանից՝ թիրախավորելով վարչապետի մասնավոր նստավայրը։ Երկուսը կալանվել են Ռոշ Հանիկրայի և Նահարիայի վրա, իսկ երրորդը պայթել է կենտրոնական ծովափնյա Կեսարիա քաղաքում, որը հայտնի է իր շքեղ առանձնատներով և հնագույն ավերակներով: Հարձակման պահին վարչապետն ու նրա կինը տանը չեն եղել։
Հանրային հեռարձակող Kan-ը հայտնել է, որ հարձակումից հետո Նաթանյահուի տուն են եկել հարկային ծառայության աշխատակիցները և այգեպանը:
Նախնական հաստատմամբ, որ իր տունն է եղել անօդաչուի հարվածի թիրախը, Նաթանյահուն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Իրանի գործակալները, որոնք այսօր փորձել են սպանել ինձ և կնոջս, ծանր սխալ են թույլ տվել»: Նրա խոսքին արձագանքել են նրա կառավարության շատ նախարարներ և ընդդիմադիր օրենսդիրներ, ինչպես նաև արտերկրում դաշնակիցներ, որոնցից շատերը հայտարարել են, որ Իրանը «ստիպված կլինի զղջալ իր դրածո «Հեզբոլլահի» գործողությունների համար»:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, գովաբանելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ոչնչացման և «Հեզբոլլահի» մարտունակության նվազեցման հարցում Իսրայելի ձեռքբերումները, սպառնացել է, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները «շարունակելու են գրոհել ցանկացած ահաբեկչի և ուժային հարված հասցնել ցանկացած թշնամու, որը կվնասի կամ կփորձի վնասել Իսրայել պետությանը»։
«Մեր գործողություններն ամբողջ Մերձավոր Արևելքում դա ապացուցել են մինչ օրս և կապացուցեն նաև ապագայում: Մեզ շփոթեցնելու և պատերազմի նպատակներին հասնելուն խոչընդոտելու «Հեզբոլլահի» փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,- ասել է նա։
0Comments