Իսրայելական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի ուղղությամբ

Մանրամասներ

Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայքում։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարության կայքը։

Հարձակման հետևանքով Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանը նյութական վնաս է կրել:

Ըստ Reuters-ի տվյալների՝ Հալեպի օդանավակայանի վրա հարձակման թիրախը եղել է իրանական զենքի ստորգետնյա պահեստը, որտեղ ենթադրաբար պահվում էին կառավարվող հրթիռային համակարգեր: Ավելի վաղ դրանք Իրանից առաքել էին Ան-Նայրաբ միջազգային օդանավակայան։

Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ հարվածը հասցրել են իսրայելական կործանիչները, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։

Հալեպի օդանավակայանը վերջին ամիսներին խոցվել է երկու անգամ՝ 2022 թվականի օգոստոսին և 2023 թվականի մարտի սկզբին։