Հայաստանում Michelin աստղերի հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել. Վերներ Լոենս

Մանրամասներ
Վերներ Լոենս

Հայաստանում Michelin-ի աստղերի հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել, ասում է Բենիլյուքսի երկրների Michelin Restaurant Selection-ի նախկին տնօրեն Վերներ Լոենսը, ով այցով գտնվում է Հայաստանում։ Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Michelin»-ում ավելի քան 25 տարվա փորձ ունեցող սննդամթերքի հայտնի քննադատ Լոենսը կիսվել է հայկական գաստրոնոմիայի և գյուղատնտեսության մասին իր տպավորություններով:

Բացելով հանդիպումը՝ Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մյունկն ընդգծեց Հայաստանի գաստրոնոմիական և զբոսաշրջային ներուժի զարգացման կարևորությունը՝ նշելով իր դեսպանության ակտիվ աշխատանքը երկու երկրների միջև նոր կապեր ստեղծելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ գաստրոնոմիան առանցքային ոլորտ է, որը կարող է հիմք դառնալ երկկողմ համագործակցության համար։

Ինքը՝ Լոենսը, հիացած էր տեղի ֆերմերների արտադրանքի որակից և նշեց, որ դա երկրի ուժեղ կողմերից մեկն է։ «Ձեր սնունդը ձեր ուժն է։ Տեղական արտադրանքը թարմություն, համ և որակ ունի: Սա մեծ պլյուս է ձեր գաստրոնոմիական ոլորտի համար»,- ասաց փորձագետը։

Լոենսի կարծիքով՝ թույլ կողմը խոհարարների որակավորման բացակայության մեջ է։ «Ձեր խոհարարները լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեն, հատկապես խոհարարության տեխնիկայի մեջ: Սա կրիտիկական խնդիր չէ, բայց դրա վրա աշխատելը կարևոր է, եթե ուզում ես գաստրոնոմիան ավելի բարձր մակարդակի հասցնել»,- ընդգծեց նա։

Լոենսը նաև բացահայտեց հինգ հիմնական չափանիշներ, որոնցով Michelin-ի քննադատները գնահատում են ռեստորանները։ Այս չափանիշները վերաբերում են աշխարհի բոլոր խոհանոցներին և հիմք են գնահատման համար.

1. Օգտագործված բաղադրիչների որակը;

2. Համի և պատրաստման տեխնիկայի կատարելագործում;

3. Խոհարարի անհատականությունն իր խոհանոցում;

4. Գնի և որակի համապատասխանություն

5. Այցելությունների միջև հետևողականություն.

«Գաստրոնոմիան միայն ուտելու մասին չէ, այլ այն հաճույքի ու տպավորությունների, որ ստանում ես ճաշատեսակից»,- ասաց Լոենսը՝ ընդգծելով Michelin-ի փիլիսոփայությունը։

Լոենսը նշեց Հայաստանի զգալի ներուժը, սակայն ազնիվ է գտնվեց՝ հավելելով, որ դա երկարաժամկետ աշխատանք է։ Նա ընդգծեց երիտասարդներին գաստրոնոմիայի մեջ ոչ միայն ներգրավելու, այլև նրանց հետաքրքրության պահպանման կարևորությունը՝ առաջարկելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային մրցույթներին, փառատոններին և փորձի փոխանակման ծրագրերին։ Լոենսը նաև առաջարկեց երիտասարդ խոհարարներին պրակտիկայի ուղարկել արտերկիր, որպեսզի նրանք միջազգային տեխնիկա սովորեն և վերադառնան նոր փորձով։

Սակայն Հայաստանում Michelin-ի աստղերի հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել։ «Որպեսզի Michelin-ը լրջորեն մտածի իր ուղեցույցում երկիր ներառելու մասին, պետք է առնվազն 40-50 բարձրակարգ կամ 3-5 աստղղանի ռեստորանների առկայություն։ Սակայն, Michelin-ը միայն աստղերի մասին չէ։ Կարևոր է ոչ միայն աստղեր ունենալը, այլև քո ափսեի մեջ եղածի որակը»,- ընդգծել է Լոենսը։

Պատասխանելով STYLE.NEWS.am-ի հարցերին՝ Վերներ Լոենսը կիսվել է հայկական ուտեստներ համտեսելուց ստացած տպավորություններով։ Նա հատկապես տպավորված էր տեղական բաղադրիչների որակով, ինչը ապահովում էր ճաշատեսակների թարմ ու հարուստ լինելը: Նրա մեջ տպավորված ճաշատեսակների թվում էին կիտրոնի սոուսով բլիթները, սմբուկով և ընկույզով թխվածքը, դդմի մեջ մատուցված չրերով բրինձը։ Սակայն, Լոենսը ցավում է, որ որոշ ռեստորաններ միսը չափազանց երկար են պատրաստում, ինչը նվազեցնում է դրա որակը։ «Եթե դուք ունեք այդքան լավ սնունդ, այն պետք է հարգանքով պատրաստել», - ասաց նա:

Ըստ Լոենսի, համաշխարհային գաստրոնոմիան այժմ կենտրոնացած է տարբեր մշակույթներից ոգեշնչված ֆյուժն ճաշատեսակների վրա: Շատ ռեստորանների ճաշացանկում կարելի է գտնել իտալական, ճապոնական և պերուական խոհանոցի տարրեր: Նա նշեց, որ երիտասարդ խոհարարներն ամբողջ աշխարհում ձգտում են ստեղծել ժամանակակից, կրեատիվ հայեցակարգեր, և Հայաստանն արդեն այս ուղղությամբ  առաջին քայլերն է ցույց տալիս, բայց դա ժամանակ և կենտրոնացված ջանքեր կպահանջի՝ վերապատրաստման և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում։

Վերներ Լոենսի այցը կազմակերպվել է Բելգիայում Հայաստանի դեսպանության, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի պատվավոր հյուպատոսի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Բելգիա-հայկական առևտրի պալատի, DAR հիմնադրամի, ինչպես նաև Collective Group-ի, ProReCa Agency-ի և Yeremyan Projects Group ընկերությունների աջակցությամբ: