Ընդդիմադիրների հետ վարչապետի թեկնածուի անուններ չենք քննարկել. Իսկ ՔՊ-ի հետ հանդիպում ցանկություն չեմ հայտնել. Սրբազան

Մանրամասներ
բագրատ սրբազան

Ես գտնվում եմ ԱԺ շենքում, այդ բոլոր զազրախոսները, որ կային այս շենքում, սենյակներում ծվարած, մեր հաշվին փող աշխատող, հիմա ասելիք կունենա՞ն, էդ որ հեռուստատեսությամբ իրենց պատառոտում են, ունե՞ն ասելիք, թող գան ասեն, Եկել եմ իրենց դուռը մեռելոցի առիթով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Ես այս շենքում եմ, իրենք ամենավերջին խոսքերով, լուտանքներով առյուծ կտրած խոսել են, հիմա այստեղ եմ: Եթե ցանկություն ունեն այդ նույն խոսքերը նորից ասելու, խնդրեմ:

Եթե մեզնից վախ չունեն, թող մեր մասին չխոսեն: Մի բան, որ չկա, դրա մասին խոսո՞ւմ են, չեն խոսում: Եթե ասում են, որ ծրագիր չկա, շատ լավ, ինչո՞ւ են խոսում այդ թեմայով:

Ես այս պահին ցանկություն չեմ հայտնել ՔՊ-ի հետ հանդիպելու, դուք հարցրել եք, ես էլ ասել եմ՝  ես շենքում եմ: Այսօրվա այցելության ծիրից ներս ես իրենց հետ հանդիպում չեմ նախատեսել: Բայց հնարավորությունը տալիս եմ, որ ամբիոնից ճչալու փոխարեն ես հիմա շենքում եմ»:

Հարցին՝ ի՞նչ սպասել աշնանը, նա պատասխանեց. «Մեր գործողությունների մանրամասներ չեմ կարող ասել: Մարդիկ կգան, ովքեր հավատում են, պայքարի մեջ են, որոնք կարծում են, որ այս պայքարն անհրաժեշտություն է, այս մարդկանց հեռացնելը անհրաժեշտություն է, նրանք ներկա են միշտ»:

Արդեն «Հայաստան» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո Սրբազանն ասաց. «Քննարկել ենք հնարավոր քաղաքական լուծումներն ու տարբերակները, նաև իրենց դերակատարությունն այդ ամբողջ գործընթացի մեջ: Եզրահանգումը մեր գործողություններով է պայմանավորված»: Նա նաեւ հավելեց, որ վարչապետի թեկնածուի անուններ չեն քննարկվել: