ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները.
-2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ:
-2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում պետք է հանդես գան ակադեմիայի առնվազն 7 թիմեր:
-2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ ներդրումային ծրագրի բաց մրցույթի հաղթողը պետք է ներկայացված լինի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:
Մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը պետք է արտացոլեն մասնակիցների ֆինանսական կայունությունը և ակադեմիայի հետագա զարգացման շրջանակներում կատարվելիք ներդրումների հեռանկարները:
Ներկայացվելիք ծրագրերը, ի թիվս այլ հիմնարար դրույթների, պետք է ներառեն նաև մասնակիցների և նրանց կողմից կատարվող ներդրումների նպատակներն ու գերակա ուղղությունները:
Ներդրումային ծրագրում մատնանշված ֆինանսական հոսքերը պետք է ամրագրված լինեն բանկային երաշխավորագրերով: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հողատարածքի և առկա ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասնակիցներին կտրամադրվի՝ ըստ պահանջի:
Ներդրումային ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00:
Ներդրումային ծրագրերը կարող եք ուղարկել ffa@ffa.am էլեկտրոնային հասցեով կամ առձեռն ներկայացնել ՀՖՖ Գլխավոր քարտուղարի գրասենյակ:
Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ ffa@ffa.am էլեկտրոնային հասցեին:
0Comments