Ամիսներ առաջ Բագրատ Սրբազանն «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում էր ստացել, հետո խնդիրներ առաջացան, և պետք է հետազոտվեր ՌԴ-ում: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:
«Գիտեմ, որ Սրբազանն այցելել է եկեղեցի, այնտեղ մեր հավատավոր հայրենակիցների հետ հանդիպում է տեղի ունեցել, և դրանում արտառոց բան չպետք է փնտրել»,- ասել է պատգամավորը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ռուսական քաղաքական շրջանակների հետ է հանդիպել և այնտեղից է փորձում աջակցություն ստանալ, նա ասել է. «Ես նման ինֆորմացիա չունեմ, թե ինչ հանդիպումներ է ունեցել: Բայց այս իշխանություններն անընդհատ ինչ-որ ստահոդ լուրերով փորձում են մարդկանց ապակողմնորոշել: Նույն հաջողությամբ Սրբազան հայրը ամիսներ առաջ Իրանի Իսլամական Հանրապետություն էր գնացել, Կանադայում է հետո եղել, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում»:
Նա նշել է, որ ՌԴ-ում կա շատ մեծ համայնք, որը մեծ դերակատարում ունի մեր երկրի, մեր պետության համար, և գիտեք, որ ունենք այնտեղ լուրջ մարդիկ, որոնք այդ պետության մեջ կարևոր դերակատարություն ունեն: «Սփյուռքի հետ կապն է խզվել, և կապ չունի մեր հայրենակիցները որտեղ են, այդ մարդիկ պետք է կապը պահեն մեր երկրի հետ և մեր երկրի լոբբինգը անեն տվյալ երկրում: Սրբազանը ցանկանում է Սփյուռքի հետ կապերը վերականգնել»,- ասել է նա:
0Comments